Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հալածված դիմում էին դեպի հարավ, նրանց խոցված ու գազազած սրտերին հեռվից, ամպերի միջից առողջ ու պայծառ ժպտացին Կովկասի ձյունափառ գագաթները՝ հոյակապ ցնորքների նման, նրանք էլ իրենց հոգու ամբողջ ուժով ու աշխուժով փաթաթվեցին Կովկասին, որդեգրվեցին Կովկասին ու ախպերացան մեզ՝ կովկասցիներիս։

Եվ երբ կգա Լերմոնտովի հարյուրամյակի կատարման օրը, մենք՝ կովկասցիներս, կտոնենք ոչ միայն որպես մի մեծ ռուս բանաստեղծի տոն, որին, ինչպես և առհասարակ ռուս գրականությանը, շատ բան ենք պարտական, այլև որպես մի բանաստեղծի, որ հոգով հարազատ է մեզ, որ մեր ընդհանուր մոր՝ Կովկասի աննման որդեգիրն է, որ դեռ մանուկ օրից երկինքն ու Կովկասի կապույտ սարերը միասին է երազել։


«ՍՐԱՆՈՎ ԿՀԱՂԹԵՍ»

Սրանից ուղիղ մի դար առաջ էր, որ Ռուսաստանն ու Անգլիան հազիվ կարողացան հաղթահարել ու զսպել մի Նապոլեոնի, որ ֆրանսիական ազգը ռազմական փառքի ու աշխարհակալության տենչով հարբեցրել, վեր էր կացրել ու ետևից քարշ էր տալիս եգիպտական ավազներից սկսած մինչև ռուսական ձյունապատ դաշտերը՝ զանազան ժողովուրդների հողերի վրա ավերելու, տիրելու, կարգադրելու, ինչպես իր քեֆը կուզեր։

Ուղիղ մի դարից հետո, էսօր էլ դարձյալ Ռուսաստանին ու Անգլիային է վիճակված, այժմ էլ ուրիշ դաշնակիցներով, մի գերմանական Վիլհելմի և ինքնամոլությունից հարբած ու Կրուպպի գործարանների ծխից կուրացած Գերմանիայի խելագար թափը խորտակելու, որ «Դեյչլանդ, Դեյչլանդ, յուբեր ալլես» (Գերմանիա, Գերմանիա, ամեն բանից վեր) մռմռալով ու մռնչալով վեր է կացել աջ ու ձախ ոտի տակ տալու։ Եվ անմեղ, խաղաղ ու բարեկեցիկ Բելգիայի բնակիչներն