արդեն դարձել են Մուշի հայ գաղթականներ, իսկ Լոնդոնում լույսերը հանգցնում են գիշերները, որ երկնքից ռումբեր չթափեն իրենց գլխին։
Եվ այժմ ամեն մարդ զբաղված է մի հարցով, թե ո՞ր կողմն է հաղթելու և ի՞նչով է հաղթելու։ Արդյոք զորքերի քանակությա՞մբ, լավ զենքերո՞վ ու մեծ թնդանոթներո՞վ, թե նյութական մեծ կարողությունով։
Իհարկե, սրանք ամենքն էլ մեծ բան են, սակայն մենք լսել, նույնիսկ տեսել ենք, որ մեծ զորքերն էլ, իրենց կատարելագործված զենքերով, խուսափել են պատերազմի դաշտերից, իրենց հարստությունն էլ թողել են թշնամուն։ Միմիայն մի ուժ կա, որ չենք լսել, թե հեշտությամբ խորտակված լինի երբևիցե, մի ուժ կա, որ փոքրին էլ դարձնում է մեծ, տկարին դարձնում է հզոր և հաղթություններ է ապահովում ու սխրալի գործեր։ Դա ժողովուրդների ոգևորությունն է։
Ժողովուրղների ոգևորությունը վճռական դեր է կատարում և ներկա մեծ պատերազմում։
Էսօրվան կուլտուրական ժողովուրդները, ինչքան էլ հարկադրված լինեն պատերազմի գնալու, այնուամենայնիվ պատերազմը չեն սիրում։ Էդ լավ գիտեն կառավարությունները, որոնցից ամեն մինը, վերջին ժամանակներս պատերազմներում, աշխատում է աշխարհի առաջ արդարանալ, թե ինքը չի պատերազմի պատճառն ու սկսողը։ Սակայն հեշտ բան չի աշխարհքին խաբելը, մանավանդ քառասուն տարվան ամեն տեսակի պատրաստություններն ու ազգերի դեմ սարքած դավադրությունները հրապարակ ելնելուց հետո, և ահա ժողովուրդները կատաղորեն ծառացած են Գերմանիայի դեմ, որպես պատերազմի սկզբնապատճառի ու ազգերի խաղաղության դավադիրի դեմ։ Առանց դիրքի ու դասակարգի խտրության, առանց համոզմունքի ու դավանանքի խտրության, գրեթե ամենքը Գերմանիայի հակառակորդների հետ են և ոգևորվում են նրանց հաղթանակով։ Պատերազմի բնավորությունն էնպես է, որ ամեն մեկին թվում է, թե ի դեմս Ռուսաստանի,