Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անգլիայի ու Ֆրանսիայի Տոլստոյը, Գլադստոնն ու Ժորեսն են դուրս եկել կռվի (թեկուզ Բելգիան էլ թողնենք իր Մետերլինկով), մյուս կողմից Բիսմարկն ու Մետերլինկը, իսկ նրանց ետևից էլ Աբդուլ Համիդի դաժան դեմքն է երևում ստվերում։

Սրա համար էլ մի կողմից ժողովուրդների բուռն սերն ու ոգևորությունն է գալիս օվկիանոսի հորձանքի նման, մյուս կողմից թշնամու ատելությունն ու գազանական կատաղությունը, որ արտահայտվում է անլուր ոճիրներով ու բարբարոսական ավերածություններով։

Սրանից հետո որքան էլ ահռելի լինի Գերմանիան իր քառասուն տարվա պատրաստություններով՝ իր զինակիցներով հանդերձ, խորտակվելու է Եռյակ Համաձայնության առջև, որովհետև սրանք վեր են կացել ժողովուրդների թե՛ նյութական, թե՛ բարոյական գերագույն շահերի անունով և որովհետև սրանց հետ է աշխարհի ամենամեծ ուժը՝ ժողովուրդների սերն ու ոգևորությունը։

Սրանով կհաղթեն։

Պատմությունն ասում է՝ քրիստոնեության արշալույսին, հեթանոս Կոստանդին մեծ կայսրը մի պատերազմի ժամանակ տեսավ՝ երկնքում փայլատակեց քրիստոնեության խաչը, վրեն գրած՝ «Սրանով կհաղթես»։ Հավատաց, ընդունեց, նրանով ոգևորված առաջ վարեց իր գունդերն ու հաղթանակը տարավ։ Եվ նրանից հետո երկար դարեր էդ նշանով էին ոգևորվում ու կռվում ազգերը՝ քրիստոնյաները Քրիստոսի խաչի ետևից, ինչպես նրանցից հետո մահմեդականներն էլ Մահմեդի աջի ետևից։

Միջին դարերի հետ անց կացավ և կրոնամոլության շրջանը։ Եկավ նոր ժամանակ, աբսոլյուտիզմի, միահեծան իշխանության արշալույսը, սրա թարգմանն էլ հանդիսացավ մի ուրիշ թագավոր՝ Լյուդովիկոս մեծը, որը հայտարարեց՝ «Պետությունը – ես եմ»։ Ազգերին տրվեց նոր նշանաբան, թե ամեն բան աստծուց սահմանած թագավորն է, և նրանից հետո էլ երկար ժամանակ էդ անունով էին ոգևորվում ու կռվում ազգերը։