Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Բայց ո՞ւմ է ակնարկում հին խոսքը, ո՞րն է լինելու էն հյուսիսից եկած մեծ պետությունը, որ պետք է Կոստանդնուպոլիսն ու Այա-Սոֆիան ազատի թուրքերից։

Ռուսաստանը։

Եվ ահա, թե ինչու։

Բյուզանդական վերջին կայսեր՝ Կոստանդինի ազգականուհին, բյուգանդական կայսերական ընտանիքի վերջին մնացորդը, Կոստանդնուպոլսի անկումից հետո փախավ Իտալիա, հետո ամուսնացավ Մոսկվայի մեծ իշխան Իվան III Վասիլևիչի հետ, էն իշխանի, որ Ռուսաստանն ազատեց թաթարական լծից։ Էս ամուսնությունով էլ բյուզանդական կայսրության երկգլխանի արծիվը դարձավ ռուսաց թագավորական դրոշմի նշանը ու բյուզանդական երկգլխանի արծվի հետ Բյուզանդիայի ազատության հույսն էլ հանգավ Ռուսաստանի վրա։

Եվ ահա էսօր մեր աչքի առջև լրումն է առնում դժբախտ Բյուզանդիայի դարավոր հույսը։ Առաջիկա մայիսին Այա-Սոֆիայի տաճարում շարունակվելու է դարեր առաջ 1453 թվականի մայիսին ընդհատված արարողությունը և թուրքերը նորից վերադառնալու են էնտեղ, որտեղից անցան Եվրոպա ու վերջ է լինելու ժողովուրդների դարավոր ողբին ու հառաչանքին, աշխարհքների ավերին ու ավարին։

Կատարվում է հին խոսքը, կատարվում է պատմական էն դեպքը, որի մեծությունն ու հոյակապությունը առաջուց դժվար է պատկերացնել։


ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ

Հայ գրողների կովկասյան ընկերությունը, իր վրա առնելով Սայաթ-Նովային արձան կանգնելու հոգացողությունը, կազմակերպեց մի գրական-երաժշտական երեկույթ, որ ունեցավ չտեսնված հաջողություն, իրար ետևից կրկնվեց մի քանի անգամ, արձագանք գտավ հեռու հայերի մեջ, ու վերակենդանացավ

11-145