Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թուրքերը, որ Կոստանդնուպոլսին տիրեցին, բյուզանդական կայսրություն ասածը մի փոքրիկ հողի կտոր էր, հազիվ մեր Գորու կամ Բորչալու գավառի չափ մի տարածություն, իսկ զորքը, որ նա կարող էր հանել Մուհամմեդ II-ի 258 հազարի դեմ, հասնում էր հինգ հազարի, օգնության եկածներով յոթը հազարի։ Էս էր մնացել բյուզանդական մեծ կայսրությունից, էս էլ 1453 թվականի մայիս 29-ին, երեքշաբթի լուսաբացին՝ վերջին կայսեր, Կոստանդին XII-ի հետ ընկավ թուրքերի հարվածի տակ ու նույն օրը Մուհամմեդ II-ը Այա-Սոֆիայի տաճարը վեր ածավ մզկիթի ու առաջին անգամ ինքը նամազ արավ մեջը։

Եվ ահա քրիստոնյա ու կրոնամոլ Բյուզանդիայի վերջի հետ կապված մի էս տեսակ ավանդություն է մնացել, իսկ ավանդությունր չէ՞ որ ավելի լուրջ ու հաստատ բան է, քան ամեն պատմություն։ Ավանդությունն ասում է՝ թուրքերը, որ Կոստանդնոլպոլսին տիրեցին ու ներս խուժեցին Այա-Սոֆիա՝ տաճարում կանգնած էր պատարագը։ Թուրքերի ներս խուժելուն պես հանկարծ պատերը հետ բացվեցին ու կուլ տվին, ներս քաշեցին, անհայտացրին սկիհը ձեռքին պատարագչին ամբողջ եկեղեցական պաշտոնեության հետ միասին։

Հյուսիսից մեծ ու հզոր մի պետություն պետք է գա Կոստանդնուպոլիսն ազատի թուրքերից, շարունակում է ավանդությունը։ Երբ որ նա գա ազատի Կոստանդնուպոլիսն ու Այա-Սոֆիան՝ նորից ետ են բացվելու տաճարի պատերը, նորից դուրս են գալու սկիհը ձեռքին պատարագիչն ու ողջ եկեղեցական զգեստավորված պաշտոնեությունը և շարունակելու են մի քանի դար առաջ ընդհատված պատարագը։

Էսպես, կրոնական կերպարանքի տակ, անմեռ ապրում է բյուզանդական քրիստոնյա ժողովուրդների՝ թուրքերից ազատվելու հին հույսը հին խոսքի մեջ։ Ապրում է հաստատ ու համառ։ Սակայն հետաքրքրականն էն է, որ էս ավանդությունը տարածված է և թուրք ժողովրդի մեջ, և թուրք ժողովուրդն էլ կարծում է, որ ինքը ժամանակավոր է եվրոպական հողի վրա, որ Ասիայից եկել է, Ասիա էլ պետք է վերադառնա ետ նորից։