Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մինչև այժմ կամ ուրիշ խոսքով, եկանք կանգնեցինք Խոյ ու Մաքու։ Եվ ահա սահմանի մյուս կողմը թուրք կառավարությունը, որ միշտ խաղացրել է եվրոպական պետություններին, լավ գիտենալով, որ նրանք էլ են խաղ անում, աճապարանքով հրամանագրում է իր պաշտոնյաներին՝ խաղաղություն պահպանել հայկական նահանգներում, թե չէ ռուսը անց կկենա։

Էսպեսով ամբողջ աշխարհքը գիտի, որ եթե… ռուսն անց կկենա։

Այժմ գանք էն հարցին։ Իսկ ո՞վ կուզի նրա առաջն առնի և ո՞վ է կարող առնել նրա առաջը։

Իհարկե, ամենից առաջ թուրքը, եթե իր պետության մեջ ստեղծեր իրավակարգ և քաղաքացիական մի տանելի կյանք ու կացություն։ Բայց մինչև օրս նա ցույց չի տվել և չի ունեցել պետական ընդունակություն ու իմաստություն։ Նա միշտ մնացել է մի հորդա։

Էն օրվանից, որ նա, անհայրենիք, Իկոնիայի հովիտներից ձի նստեց ու վեր կացավ ուրիշ հայրենիքների վրա արշավելու, մինչև էսօր դեռ չի իջել իր ձիուց։ Էն օրվանից, որ մերկացրեց իր սուրը ժողովուրդները կոտորելու համար, մինչև էսօր դեռ պատյան չի դրել, և 1453 թվականի մայիսի 29-ից, ինչ որ Սուլթան Մահմուդ II–ը, ըստ ավանդության, իր արյունոտ ձեռքը զարկեց սուրբ Գերիմաստության (Այա Սոֆիայի) տաճարի պատին, մինչև էսօր դեռ չի մաքրվել սուլթանների արյունաթաթախ ձեռքը։

Թուրքի վրա էլ չեն կարող հույս դնել և հույս չեն դնում ոչ կոտորածներից ազատված ու մշտապես կոտորածի մղձավանջի տակ ապրող հայ ժողովուրդը, ոչ անվերջ կոտորածներին ու հարստահարություններին հանդիսատես օտարները։

Թուրքը երբեք չի կարողացել և այժմ էլ չի կարող առնել ռուսի առաջը։ Հապա ո՞վ կուզենա առնել ռուսի առաջը և ո՞վ է կարող։

13