Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվրոպական մեծ պետությունները կուզենան և նրանք են կարող։

Նրանք են միշտ պաշտպանել թուրքին ռուսի դեմ և կարող է պատահել, որ նորից նրանք պաշտպանեն։

— Արդյոք թուրքի սիրո՞ւց։

— Ո՛չ։

— Գուցե հայերին մարդավայել օր ու կյանք տալու համա՞ր։

— Երբե՛ք։

Իրենց շահերի և հատկապես Ռուսաստանի հզորացման առաջն առնելու համար։

Ռուսաստանը հյուսիսից դեպի հարավ իջնելով, Անգլիան Հնդկաստանից դեպի հյուսիս բարձրանալով, աշխարհքի էս երկու հզորների շահերն ու ազղեցությունները վաղուց են իրար դեմուդեմ եկել Միջին ու Փոքր Ասիայում։ Եվ Անգլիան ամեն կերպ աշխատել է միշտ Ռուսաստանի դեմ ստեղծել մի պատվար, պաշտպանել է մերթ Պարսկաստանին, մերթ Տաճկաստանին և առհասարակ Ռուսաստանին թշնամի ամեն մի ուժ, սրա ծավալման ու հզորացման առաջն առնելու համար։

Մյուս կողմից՝ գերման ու սլավոն ցեղերի հին ներհակությունը հաստատվել է նոր իրական հանգամանքներով։ Գերմանիան է ազդեցություններ ու իրավունքներ ձեռք բերել Տաճկաստանում և հայտնվել ռուսի ճանապարհին։ Ավստրիան է տեսնում օրը ցերեկով, որ Ռուսաատանը իր ամեն մի զարկով ոչ թե շարունակ մեծանում է Տաճկաստանի հաշվին, այլև իրար ետևից ազատագրում բոլոր սլավոն ցեղերին, իսկ ինքը Ավստրիան ունի 25 միլիոն սլավոն հպատակ։ Սրանց հետ միասին եթե առնենք և այլ ուրիշ հանգամանքներ, քաղաքական թե տնտեսական, պարզ կլինի մեզ համար թե ինչու Ավստրիան ու Գերմանիան էլ հաճախ պաշտպանել են Տաճկաստանին ռուսի դեմ, որ հունա-սլավոնականության մեծ ներկայացուցիչն ու վերածնողն է հանդիսանում։