Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մենք՝ հայերս էլ էդ փոքր ազգերից մինն ենք։ Տաճկական բռնակալության անկումով ու հայկական հարցի բարեհաջող լուծումով մեր առջև էլ նոր հորիզոններ են բացվում։ Հնարավորություն ենք ստանում ապրելու շատ ավելի գեղեցիկ ու խոր զգացմունքներով, զբաղվելու մեծ խնդիրներով, մտնելու, հառաջադեմ ազգերի եղբայրության մեջ ու նրանց հետ միասին երազելու կյանքի վսեմ երազները, նրանց հետ միասին մասնակից լինելու համամարդկային մեծ խնդիրների մշակույթի ազնիվ գործին ու նրանց հետ միասին գնալու դեպի մեծ կյանքը։

Եվ մեր բախտավորությունն էն է, որ մենք միանգամայն ընդունակ ենք սրան, ու էստեղ է, որ կարող ենք ասել փոքր ժողովուրդ չենք մենք…

Եվ սրանով է թանկ մեր հարցը, սրանով է իմաստալի մեր կռիվը, սրա մեջն է մեր իրավունքի ամբողջ վսեմությունը։


ԿԻՆՆ ՈՒ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԿՈՒՄԸ

Եթե ժողովուրդների հարաբերությունների մեջ կինը հաճախ էական դեր է խաղացել, ապա մահմեդական պետությունների մեջ, մահմեդական և քրիստոնյա ժողովուրդների հարաբերությունների մեջ, կնոջ խնդիրը եղել է կենտրոնական խնդիր։

Հայը կամ վրացին, իրեն կրոնի ոգով ու դարավոր տրադիցիաներով, տղամարդուն ու կնոջը մի մարմին, մի բարոյական ամբողջություն ընդունելով, և կնոջը ճանաչելով իր գոյության կեսը, դրել է նրան իր օջախի գլուխը, ուր և կենտրոնացրել է կյանքի վայելքներն ու երջանկությունը։

Մահմեդականն ընդհակառակը՝ կնոջն էլ նկատել է իբրև կյանքի վայելքներից մինը, փակել է հարեմում ու պահապաններ է դրել վրեն հսկելու։ Եվ աշխատել է՝ ինչքան կարելի