Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՂԵՏ է, ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
II

Ինչպես անցյալ հոդվածում պարզ ցույց տվինք, ռուսների գալուց ու 1829 թվականից առաջ էլ հայերը հանդիսանում էին մի ամբողջ ժողովուրդ ոչ թե միայն Կովկասում, այլև հենց նույնիսկ Վրաստանի սահմաններում, և վրաց թագավորները հրովարտակ արձակելիս առանձնապես շեշտում էին հայ ժողովուրդը։ Հետաքրքրվողը կարող է տեսնել Акты Кавк. Археогр. Комисс. т. VI, ч. II, стр. 777 և 798: Իսկ հետագայում, թե ռուսական կառավարությունը քաղաքականություն է ունեցել հայ ժողովրդի նորանոր բազմազանությունները գրավել ու ներս բերել իր պետության սահմանները, պետք է իմանալ ու ասել, որ ռուս կառավարությունից առաջ էդ քաղաքականությունը ունեցել է վրաց կառավարությունը։ Վրաց թագավորները ոչ միայն մահմեդականի հալածանքից փախած հայ գաղթականներին են միշտ սիրով ընդունել ու տեղ տվել, այլև միշտ էլ հայերին գրավել են դեպի Վրաստանի սահմանները։ Էդպես է եղել XI—XII դարերից՝ Դավիթ III Վերաշինողից սկսած, որ Անիի կողմերից ու Շիրակից շատ հայեր բերեց ու թե՛ հայ, թե՛ վրացի և թե՛ մահմեդակա՛ն պատմիչների վկայությամբ, առանձին սիրով էլ վարվում էր հետները, մինչև վերջին Հերակլ ու Գիորգի թագավորները, որ բերին Վրաստանի սահմաններում տեղ ու արտոնություն տվին Ղարաբաղի մելիքներին իրենց ժողովուրդներով, շուլավերցիներին ու բոլնիսցիներին և ուրիշ շատ հայերի։

Մի խոսքով, թե՛ ռուս, թե՛ վրաց կառավարությունները արել են էն, ինչ որ առհասարակ արել են մյուս պետությունները՝ պարսկական, արաբական, բյուզանդական և այլն, և ինչ-որ մի ժամանակ էլ իրենք՝ հայերն են արել ուրիշներին։

Տարբերությունն էն է էս ամենի մեջ, որ մինչդեռ մյուսները, գրավելով թե բռնի, հայերին դուրս են տարել իրենց