Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հասարակական-քաղաքական գործիչներից սկսած մինչև իրենց բանաստեղծները, հայերը մի տենչ ունեն միայն, որ ցրվածներն էլ ետ վերադառնան դեպի Ալաշկերտի, Վանի ու Մուշի հովիտները, որ


«…Ամեն կողմից պանդուխտ հայազգիք
Դիմեն դեպ յուրյանց սիրուն հայրենիք…»։

(Րաֆֆի)


Հայրենի՜ք…

Եվ աղմուկն էլ հենց էս մի բառի վրա է վերջիվերջո։ Պարոն Грузин-ը ասում է՝ հայերը, ռուսների հովանավորության տակ, Տաճկաստանից գալիս են, լցվում Կովկաս ու ճնշում բնիկներին՝ վրացիներին ու թուրքերին։ Իսկ պարոն Скальпель-ն ասում է՝ վրացիներն ու թուրքերը հո չեն կարող իրենց սեփական վարելահողերը տալ հայ գաղթականներին, թե ինչ է՝ նրանք Քրիստոսից առաջ, 323 թվին իրենց Վահե թագավորն են ունեցել։ Եվ շատ իրավացի էլ ավելացնում է, թե պատմական վկայություններով էս տեսակ խնդիրները չեն վճռվում։

Այո՛, եթե գիտեք, որ պատմությունն էս տեսակ խնդիրներ չի վճռում, ապա ինչո՞ւ եք թույլ տալիս շարունակ առաջ քաշել պատմությունը և էն էլ էդքան անզգույշ ու վիրավորական ձևով, էդքան անգետ ու անարդար։ Պատմությունը թերևս անզոր է կոնկրետ իրական ու իրավական խնդիրներ վճռելիս, բայց նա շատ է զորեղ ժողովուրդների հոգեբանության մեջ և կարող է խորապես վրդովել։ Եվ, եթե դիմում են պատմությանը, չեն սահմանափակվում Վահեով, այլ Վահեից բռնում են, գալիս մինչև մեր վիճաբանության օրը, և հարցնում են՝ էն հողի վրա, որ Վահեից սկսած մինչև էսօր ապրել է հայը, մի՞թե թույլ չեք տալ, որ էն հողի վրա էսօր սրից փախած հայ գաղթականը հանգստանա… և ուզում եք նրան դուրս վտարել, հալածանքից անմիջապես հետո նորից հալածել՝ էդ երկիրը հախուռն կերպով անվանելով՝ Կովկաս