ժողովրդին անվանելով աշխարհքի ամենադժբախտ ժողովուրդը իր կրած նեղությունների համար, գրում է, թե՝ սրանք հայերը, ապրելու համար ուրիշ ոչ մի բան չունեն, և ապրում են միայն ապագայի հուսով։ Եվ իրենց վիճակի փոփոխությունը այլ կերպ չեն սպասում, բայց միայն եթե մի որևէ քրիստոնյա տերություն նվաճի էն բոլոր մամեդականներին, որոնցով շրջապատված են իրենք։
Եվ ահա ժամանակի հետ եկավ էդ քրիստոնյա տերությունը, ու դա եղավ Ռուսաստանը։
Վերջապես Դիվանի էս գիրքը գալիս է իբրև մի նոր վկայություն, մի ամբողջ դարի վկայություն, վկայելու, թե Տաճկաստանի վերջին հայկական կոտորածը մի աննախընթաց դժբախտ անակնկալ չի, այլ շարունակվող, սիստեմատիկ հայաջնջումի մի նոր ու ահռելի գործողություն, որ հնարավոր դարձավ համաշխարհային իրարանցումի մեջ, և կատարվեց ամեն արտաքին հանգամանքներից անկախ։
«Русская мысль» ամսագրի սեպտեմբերի №-ում տպված են մեր Քուչակ Նահապետի և Սայաթ-Նովայի երգերից մի քանիսի թարգմանությունները, որ կատարել է ռուսաց նշանավոր բանաստեղծ Վալերի Բրյուսովը։ Հարգելի թարգմանիչը իր թարգմանություններին կցել է մի հառաջաբան, որի մեջ մեծ սիրով ու հարգանքով է խոսում հայ ազգի և նրա հին գրականության վրա։
Ասում է՝ «Ժամանակակից պատերազմը նորից հերթի հանեց էն ժողովրդի վիճակի հարցը, որ գրեթե երկու հազար տարի Եվրոպայի առաջապահն է եղել Ասիայում։ Իհարկե, ոչ ոք չի երկբայում, որ հայերը արժանի են կարեկցության էն անպատմելի տանջանքների համար, որ արդեն մի քանի դար է քաշում են թուրքական լծի տակ։ Բայց հայ ազգը