ուշադրության առնվելու բարձրագույն իրավունքն ունի, և դա բարձր-կուլտուրական ժողովրդի իրավունքն է՝ խոսքի ամենալավ իմաստով։
Հայոց գրականությունը, որ իր գոյությունը հազար հինգ հարյուր տարու է հասցնում, սրա ամենալավ ապացույցն է։ Հայոց բանաստեղծությունը, Ֆետի խոսքով ասենք, հայ ժողովրդի ազնվականության վկայականն է…»։
Ապա թե կանգ առնելով մեր երկու հին բանաստեղծների՝ Քուչակ Նահապետի ու Սայաթ-Նովայի վրա, որոնց երգերից թարգմանություններ է տալիս, շեշտում է, թե՝ հենց միայն էս երկուսը հերիք են, որ նրանց ծնող հայ ժողովուրդը միանգամ ընդմիշտ մտնի էն կուլտուրական ժողովուրդների շարքը, որոնք միասնաբար մասնակից են մարդկության ստեղծագործությանը, և հարակցում է, թե ինչ առանձին խնամքով է վերաբերվել նրանց երգերի թարգմանությանը։ Դժբախտաբար էս պատկառանքով լիքն զգացմունքի ու վերաբերմունքի հանդեպ խոչընդոտներ կան, որ մեծ չափով ի դերև են դարձնելու ամեն ջանք ու աշխատանք։ Դրա համար էլ ուզում եմ իմ մի քանի դիտողություններն առաջարկել ազնիվ թարգմանչին ու իր աջակիցներին թե՛ Քուչակի և թե Սայաթ-Նովայի երգերի բնագիրների տպագրական և բացատրական ինչ-ինչ սխալների ու մութ տեղերի վրա և նախազգուշացնել, քանի դեռ գործի սկիզբն է։ Գուցե թե ավելի զզուշավոր վերաբերմունքով ավելի շատ կարողանան խուսափել ակամա սխալներից։
Սկսենք տպագրած թարգմանական կտորներից։
Իմ կարծիքով սխալ է թարգմանված Քուչակ Նահապետի հետևյալ քառյակը.
|