Խաղը նրա, մանուկ մարդու, բնական, օրգանական պահանջն է, նրա լրջությունն է, նրա էությունն է։ Խաղում է նրա մատաղ կյանքի ամեն մի մասնիկը, խաղում է նրա թրթռուն սիրտը ջահել կրծքի մեջ, ու կյանքում ամեն բանի նա խաղով է մոտենում, խաղով է քննում, խաղով է ճանաչում ու ընդունում։ Դա նրա ձևն է, նրա մեթոդն է։ Եվ ամին բան, ինչ որ նրան տրվում է խաղով, ուրախությունով ընդունում է, հեշտ էլ յուրացնում, առանց ձանձրանալու, առանց հոգնելու։
Ահա էդ վաղուց, աշխարհքի սկզբից ի վեր գտնված հրաշալի միջոցին ենք դիմում մենք հայ մանուկի հետ խոսելու՝ թե՛ մեր հայրենիքից և թե՛ առհասարակ մեծ կյանքից ու աշխարհքից, ամեն բանից։
Էստեղ մեր խոսքը մասնավորապես տնային, մանկավարժական, կրթական խաղերի վրա է։ Էդ խաղերի մեջ առանձին ուշադրություն ենք դարձնելու մեր հայրենագիտության վրա և տալու ենք հայրենագիտական խաղերի մի շարք, որից առայժմ տալիս ենք «Հայոց գետերը»։
Իրար ետևից կաշխատենք զանազան խաղերով ու բացատրական գրքույկներով, քարտեզներով ու նկարներով, ծանոթություն տալ թե՛ Հայաստանի, թե՛ Կովկասի ջրերից, լեռներից, լճերից, քաղաքներից, պատմությունից, գրականությունից, կենդանական ու բուսական աշխարհքից և բնական հարստություններից, որ մեր երեխաներն ու պատանիները ճանաչեն ու սիրեն իրենց հայրենիքը։ Սիրեն ոչ թե կույր ազգասերի սիրով, այլ գիտակից, ինտելիգենտ մարդու սիրով, որ սերն ազնիվ լինի, առողջ ու բովանդակալի։
Հայրենագիտական խաղերի հետ միաժամանակ կտանք և ուրիշ էն տեսակ խաղեր, որոնցով կարողանան տառեր, բառեր, անուններ ու ոճեր սովորեն և կամ իրերի ու երևույթների հետ սկզբնական ծանոթությունը ձեռք բերեն կենդանի մայրենի լեզվով։
Առայժմ Հայոց գետերի հետ տալիս ենք Թանկագին քարեր (քարերի խաղ), որին կհետևեն մյուս հանքերը, Սրամիտ հովիվը (տառերի խաղ) և Դըդումը (գույների խաղ)։