Թե՛ Հայոց գետերի և թե՛ առաջիկայում լինելիք ուրիշ հայրենագիտական խաղերի մեջ մենք վերցնում ենք գլխավորապես պատմական Հայաստանի սահմաններն ու անունները, որոնք հաճախ շատ են երերուն ու անհաստատ։ Եվ ինչքան էլ հեղինակավոր աղբյուրներից լինենք օգտված, դժար թե ազատ լինենք սխալներից։
Շատ շնորհակալ պիտի լինենք ամեն մեկից, ով կբարեհաճի մեզ ուղարկել իր արած նկատողությունները իր առաջարկի հետ միասին։
Խաղաթղթերը կամ գետերը 69 հատ են։ Խաղացողները բաժանում են իրենց մեջ ու սկսում են խաղալ։ Խաղի նպատակը հավաքածուներ կամ ավազաններ կազմելն է։
Ութ ավազան կա խաղի մեջ։ I Արաքսի ձախ վտակները, II Արաքսի աջ վտակները, III Քռի աջ վտակները (բացի Փոցխովը), IV Եփրատ, V Տիգրիս, VI Սև ծով, VII Վանա լիճ և VIII Կիլիկիա։
Խաղացողներից նա, ով սկսում է խաղը, նայում է իր ձեռքի գետերին և իր ունեցած գետերից մեկն ու մեկի ավազանին պատկանող մի ուրիշ գետ է խնդրում խաղացողներից մեկին։ Եթե ստանում է, շարունակում է խնդրել թե նրանից և թե ուրիշից, ումից կկամենա, մինչև իր հավաքածուն լրացնելը, իսկ եթե սխալվում է, կտրվում է, հերթն անցնում է նրան, ումից խնդրում էր։ Եվ էսպես շարունակում են։ Ով որ շուտ և շատ է կազմում՝ խաղը նա է տանում։