Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


երկրում։ Էդ տխուր պատկերներից մեկն էլ նոր ավերած Թիֆլիսն էր, ուր շատ դիակների թվում կար և մի սրահար ծերունի կրոնավորի դիակ՝ օրերով բերդի եկեղեցու դռան մեջտեղը ընկած։ Սայաթ-Նովայի դիակն էր դա, որ իմ կարծիքով, էդ ժամանակ արքեպիսկոպոս էր Դավիթ անունով և թեմի առաջնորդը։ Սայաթ-Նովան, որ կնշանակի երգի թագավոր, երաժշտության տեր։ Հանճարի կնիքը ճակատին, քրիստոնեության խաչը ձեռքին, դաշույնը խրած իր ազնիվ ու մեծ սրտի մեջ։

Եվ ինչո՞ւ չի կարելի Սայաթ-Նովային նկատել որպես հայ ժողովրդի կյանքի ու տանջանքի խորհրդանշանը՝ նրա պատմությունը։

Հանճարի կնիքը ճակատին, քրիստոնեության խաչը ձեռքին, դաշույնը սրտի մեջ…

Եվ երբեք չցամաքեց էդ արյունոտ դաշույնը, ո՛չ նրանից առաջ, ո՛չ էլ նրանից հետո, մինչև էսօր…

Հայոց պատմությունը դարերի անվերջ մաքառում եղավ, որ կարողանար ետ մղել էդ սպանիչ դաշույնը իր սրտից, և իր լավագույն զավակներն էդ կռվի մեջ մաշեց ու սպառեց։ Էսօր էլ իր զավակները, միացած ռուսական մեծ բանակին ու լավագույն ժողովուրդների, ասես թե հազար-հազար ձեռքերով ձգտում են ու ճգնում են հանեն էդ դաշույնը մեծ Սայաթ-Նովայի սրտից։

Բայց պետք է ճանաչել Սայաթ-Նովային ու ծանոթացնել աշխարհքին, որ ամենքն էլ համոզվեն, թե չի կարելի հավիտյան թողնել էդ դաշույնը նրա սրտում…

Գնանք լսելու մեր լավ, մեր հռչակավոր բարեկամին, թե ի՞նչ է ասում հայոց պատմության մասին, հայի դարավոր տառապանքի ու մաքառումի մասին և հայի ապագայի մասին…