որ իրենց հետ բերին Երաժշտական ընկերությունը։ Ահա էսօր էլ գալիս է եվրոպական երաժշտական աշխարհքում անուն հանած հայ նշանավոր երաժշտագետը, Ալեքսանդր Սպենդիարյան, օտար երկրից դեպի հայրենի մթնոլորտը, արևմտյան երաժշտությունից դեպի արևելյան երաժշտությունը մեծ ու գեղեցիկ ծրագիրներով, որոնց գործ դառնալուն առհավատչյա են իր խոշոր տաղանդն ու փայլուն պատրաստությունը և էն հանգամանքը, որ իր շարժվելու հնարավորությունով կապված ու կախված չի մեր դժբախտ իրականությունից։
Առաջին անգամն է մեր տաղանդավոր հայրենակիցը հայտնվում մեր մեջ, առաջին անգամն է դուրս գալիս մեր հասարակության առջև, և առաջին անգամից ողջունում ենք հրճվանքով ու ծափերով։
1847 թվականին 18 տարեկան Միքայել Նալբանդյանը գրագիր է եղել Նոր-Նախիջևանի հոգևոր կառավարության մեջ։
1887 թվականին էլ 18 տարեկան ես էի գրագիր Թիֆլիսի հայոց Կոնսիստորիայում։
Շատերը կհիշեն, թե ութսունական թվականներին ինչքան քիչ էր գիրքը Թիֆլիսում, և ինչ դժվարությամբ էր ընթերցանության գիրք ճարվում՝ թե հայերեն, թե ռուսերեն։ Դժվար էր մանավանդ ինձ նման մի օտարական պատանու համար։
Ներսիսյան դպրոցն էլ իսկի չավարտած, գրեթե բացարձակ անգետ էի ինչպես ամեն գիտության, էնպես էլ գեղարվեստին ու գրականությանը, թեև մեծ սեր ու ձգտում ունեի, մանկուց էլ ոտանավորներ էի գրում։ 18 տարեկան էի դարձել և միայն մի քանի գիրք էր անցել ձեռքս, էն էլ մեծ մասամբ պատահմունքով։