Եվ ահա էդպես պատահմունքով էլ էդ ժամանակները ձեռքս ընկան «Հյուսիսափայլի» համարները։
Շատ սիրեցի էդ բաց կապույտ, շողարձակ տետրակները և պատանեկան ոգևորությամբ կարդում էի։ Առանձնապես դուր էին եկել Կոմս Էմանուելի հիշատակարանն ու մյուս գրվածքները, Ս. Նազարյանի խորհրդածություններն ու թարգմանությունները և Սադաթյանի թարգմանած՝ Լերմոնտովի «Դևը»։
Էսպես էլ իմ շատ կարդացած ու սիրած գրքերից մինը եղավ «Հյուսիսափայլը»։ Սրանով էլ պետք է բացատրել էն երևույթը, որ իմ էն ժամանակներում գրած ու 1890–1892 թվականներին Մոսկվա տպած ոտանավորների մեջ պատահում են «Հյուսիսափայլի» ոչ միայն ոճերն ու դարձվածքները, այլև մինչև անգամ բառերն ու բառերի ձևերը՝ սեղանակապուտ, գիշերատեսիլ, հարցանել, մեռանել, և այլն։
Չէ՞ որ ամեն մի գրող ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ իրենից առաջ եղածների ազդեցությունների համագումար՝ մեկից շատ, մյուսից քիչ, որ ընդունում, հալում է իր ոգևորության հնոցի մեջ ու ձուլում, ձևակերպում իր ճաշակով։
Եվ էսօր, «Հյուսիսափայլի» մեծ աշխատակցի մահվան հիսնամյակի օրը, առանձին սիրով ու երախտագիտությամբ եմ ետ նայում դեպի էն օրերը, երբ հափշտակված կարդում էի նրա գրվածքները և առհասարակ դեպի «Հյուսիսափայլը», ինչպես իմ պատանեկության հարազատներից մեկին։
Հետո, իհարկե, աչքս ավելի բաց անելով ու ավելի մեծ գրականությանը ծանոթանալով, տեսա, որ ես, իմ՝ պատանեկան անգիտության ու ոգևորության մեջ, ոչ իմացած եմ եղել, ոչ էլ նկատած «Հյուսիսափայլի» պակասությունները, և միմիայն նրա լավ կողմերով եմ եղել տարված։ Չեմ իմացել թե պարսավագիր կա Կոմս Էմանուելի «Մեռելահարցուկի» մեջ, թե «Տեսիլքի» մեջ Գիրսասը Սարգիս եպիսկոպոս Հասան Ջալալյանն է՝ անհատական քենից էնքան