Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սևացած, չեմ իմացել, թե իր բանաստեղծությունները առնված են Բերանժեից ու Հայնեից, մի խոսքով՝ նրանից առել եմ էն, ինչ որ լավն է ու պայծառ, ճիշտ երեխայի կամ լավ ընթերցողի նման։ Եվ էսօր օրհնում եմ էդ երջանիկ միամտությունը ու մազաչափ անգամ իմ սերն ու հարգանքը չի պակասում թե՛ դեպի ամբողջ «Հյուսիսափայլը» առհասարակ, թե՛ դեպի Միքայել Նալբանդյանը առանձնապես։ Ինչ որ պակասություններ են, եղել են իրեն ժամանակինն ու պայմաններինը, և շատերը նույնիսկ շատ հեշտ բացատրելի ու հասկանալի են, իսկ միշտ կենդանի, միշտ վառվռուն ու միշտ որոնող հոգին ու ազատ շունչը իր անկապտելի էությունն է եղել։ Եվ, վերջապես, ինչի՞ս են պետք նրա մանր մունր անցավոր պակասությունները, որ նրանից հազար անգամ ավելի շատ կյանքում ունի ամեն մի մարդ, ամեն օր, ամեն քայլափոխի վրա, ինձ էսօր նրա հավերժական լավությունն է զբաղեցնում, որ միլիոնավորներից մեկը չի ունենում։

Շատ հալածական ու չարքաշ կյանք է անցկացրել մեր Նալբանդյանը, բայց նույնիսկ էդ հալածանքների մեջ էլ բարձրացել է նա։ Հալածվելով էլ միշտ դեպի վեր է գնացել, ոչ թե դեպի վար։ Հալածել են՝ Նոր-Նախիջևանից Մոսկվա է փախել և եկեղեցու դպրի ու հոգևոր կառավարության քարտուղարի պաշտոնից հասել է Լազարյան ճեմարանի ուսուցչությանը և «Հյուսիսափայլի» գլխավոր աշխատակցի բարձրությանը։ Էլի են հալածել՝ Մոսկվայից էլ արտասահման է անցել, դարձել իր ժամանակի լուսավոր աշխարհքի սակավաթիվ առաջադեմ մարդկանցից մինը, ճոխացած եվրոպական գիտությունով ու լայն, ազատական մտքերով, լավագույն մտածողների ու գործիչների ընկերն ու մտերիմը։ Հալածանքի մեջ էլ վերացել է մեր կյանքի անձուկ ու վատ մթնոլորտից դեպի էն հավերժական բարձրությունը, որտեղից դենը էլ տեղ չկա լավ հոգիների համար, և ընդմիշտ հավերժացել է Հայոց գրականության համաստեղության մեջ