Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ էսպես է ոչ միայն մեզանում, այլև էն տեսակ երկիրներում, ուր ո՛չ ուսանողությունն է խորթացած իր մայրենի ժողովրդից ու գրականությունից, ո՛չ տարրական ուսումն է պակաս։

Դրա համար էլ էս տեսակ երկիրներում զանազան միջոցների են դիմում՝ ապահովելու էն բոլոր բարձր արժեքները, որ ժողովրդի համար առաջին անհրաժեշտ պահանջ չեն հանդիսանում և իրենք իրենց գոյությունն ու զարգացումը ապահովել չեն կարող։ Էս տեսակ երկիրներում պետական ազգային ընդհանուր օժանդակությունով օգնության են գալիս պահպանելու գրականություն, գիտություն, թատրոն։

Ազգային-պետական օժանդակությունը անհրաժեշտ է դառնում մանավանդ էն երկրներում, ուր ժողովուրդը, թեկուզ և զարգացած, բայց իր քանակով փոքր է. օրինակ մի Շվեդիա, մի Նորվեգիա, մի Դանիա։ Նրանց գրողը, թեկուզ և Իբսեն լինի, չի կարող հույս դնել իր ընթերցողների քանակի վրա, և ազգային-պետական օգնությունն անհրաժեշտ է եղել, որպեսզի նա ապրեր, զորանար ու դառնար համաեվրոպական կամ համաշխարհային գրող։

Էսպես է եղել ամեն ժամանակ, բոլոր երկիրներում։ Սկսեցեք Պարսկաստանից ու Հնդկաստանից, վերցրեք եվրոպական նոր ազգերը ու գնացեք մինչև լատինական ու հունական գրականությունները։ Սակավ բացառությամբ ընդհանուր երևույթ է, որ արվեստները, գրականությունն ու գիտությունը ծաղկել են ազգի ընդհանրության և կամ մեծ մեկենասների ուժեղ պաշտպանության օրերում և կարճ ժամանակում հրաշքներ են կատարել, կենդանության հզոր շունչ են ներշնչել ազգերին, մեծ թափ են տվել կյանքին, մշտական փայլ ու համաշխարհային հռչակ են վաստակել իրենց հայրենիքների համար։

Եթե լսում եք մի Օմար Խայամի, մի Վիրգիլիոսի, մի Գյոթեի, մի Շեքսպիրի և կամ սրանց նման մեծ ստեղծագործողներից մեկի կամ մյուսի անունը, պետք է իմանաք,