Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


որ նրանք իրենք էլ մի-մի մեծ ստեղծագործություններ են, որոնց ստեղծագործությանը մեծ չափով մասնակից են իրենց հայրենիքները և իրենց շրջապատը։

Սակայն ինձ կառարկեն, թե էն ազգերը, որոնք պետություն ունեն, կարող են ազգովին էլ կազմակերպել ու հոգալ, մենք ի՞նչպես կազմակերպենք ու ո՞րտեղից հոգանք մեզանում արվեստների, գրականության ու գիտության զարգացման հոգսը։

Հետևյալ անգամ էդ մասին կխոսենք, թե որտեղից կարելի է հոգալ և ինչպես կազմակերպել։

III

Եվ ահա եկանք կանգնեցինք ամենադժար հարցի առաջ, թե՝ ո՞րտեղից։ Ո՞րտեղից պետք է հոգա հայ ժողովուրդը իր մեջ գեղարվեստը, գրականությունն ու գիտությունը ապահովելու ու զարգացնելու գործը։

Ես կպատասխանեմ. Որտեղից հոգացել է ու հոգում է, էնտեղից էլ պետք է հոգա։ Միայն մի տարբերությամբ, որ իր միջոցները պետք է դասավորի ու ծախսի ո՛չ էնպես, ինչպես արել է մինչև օրս։

Ահա մեր ընկերություններից ամենահինը՝ Բաքվի Մարդասիրական ընկերությունը, որը ոչ թե կարող է, այլև առաջինն է եղել, որ դեռ սրանից քսան տարի առաջ հարց է հարուցել, թե կենսաթոշակներով պետք է ապահովել հայոց գրականության զարգացումը և նույնիսկ սկսել էր համեստ չափերով իր որոշումը իրագործել՝ հետզհետե մեծացնելու խոստումով, արդեն երեք-չորս հոգի էլ թոշակ էին ստանում, երբ գալիցինյան ռեժիմի առջև փակվեց ու ընդհատվեց։

Նա կարող է նորից վերադառնա իր հին որոշումին և ավելի մեծ չափով, քանի որ պարզ տեսնում է, թե մի ազգ ստեղծելու, բարձրացնելու և պահպանելու գործում ինչ կարող են անել գեղարվեստը, գրականությունն ու գիտությունը։