Ահա Պետրոգրադի Եկեղեցական խորհուրդը, որ մեծ միջոցներ ունի իր տրամադրության տակ, ամեն կերպ աշխատել է հայ ագգային կուլտուրայի բարձրացման համար, որը խոշոր գումարներ է տվել և՛ ուսանողության, և՛ ուսումնարանների, երբեք չի խնայիլ էս տեսակ մի ազգային հոգևոր-մտավոր շարժման նպաստելու։
Ահա Նոր Նախիջևանի եկեղեցական հոգաբարձությունը, որ հենց պարոն Չալխուշյանի վկայությամբ, մի հարուստ հաստատություն է ու տարեկան հարյուր հազար է ծախսում ազգային կրթության վրա ու հիասթափվում, որովհետև իր ընտրած ճանապարհով իր սաները միշտ դառնում են իրենց խորթ ու օտար։ Նա՝ Նոր Նախիջևանը, Գամառ-Քաթիպայի ու Նալբանդյանի ծննդավայրը, որ էնքան մեծ դեր է խաղացել մեր գրականության և ազգային գործերի մեջ և խաղում է տակավին, նա երբեք չի զլանալ իր միջոցները նրանց, որոնք ոչ թե օտարանում են, այլ օտարացումի դեմը հանդիսանում են հզոր պատնեշ և խորթացածներին էլ վերադարձնում դեպի հայրենի ժողովուրդն ու հարազատացնում։
Ահա Կովկասի Հայոց բարեգործական ընկերությունը, որ էնքան ուշադիր ու նախանձախնդիր է ազգային լուսավորության գործին, և որը նույնիսկ գումարներ ունի իր տրամադրության տակ՝ հատկապես գրականությունը խրախուսելու համար։
Ահա, վերջապես, Բաքվի Հայոց կուլտուրական միությունը, որի ամենաառաջին նպատակներից մեկը հենց մեր առաջադրած խնդիրն է։
Ո՞վ գիտե, գուցե կան և ուրիշ ազգային համանման հաստատություններ, որ ես այժմ չեմ հիշում, բայց հենց սրանք էլ բավական են մինչև օրս մեր մեջ չտեսնված մի գեղարվեստական-գիտական շարժում առաջ բերելու համար։
Սրանց շարժվելու դեպքում անկասկած առաջ է գալիս մի բարձր տրամադրություն, գործը, լուրջ կազմակերպելուն պես, ներշնչելու է հաստատուն հավատ ու վստահություն