Եվ էս նպատակին հասնելու համար, նա ուսումնարանների և ուսման գործին է զարկ տալիս, արհեստներ է տարածում, գրականությունն է զարգացնում և տառապյալներին է օգնության հասնում։
Ակներև է, որ բազմազան են Ընկերության ընտրած ճանապարհները, որոնցով նա ուզում է լուսավորություն տարածի հայերի մեջ, բայց և պարզ է սրա բացատրությունը։ Էս բոլոր կետերը, եթե իր ժամանակին մտել են Ընկերության կանոնադրության մեջ, անշուշտ պատճառն էն է, որ էն ժամանակ ուրիշ ընկերություններ չկային մեր մեջ, աշխատանքի բաժանումը չկար։ Սակայն էսօր, երբ մի կողմից հայտնվել են նոր ընկերություններ, մյուս կողմից՝ անկարելի բան է, որ մի մարմին կարողանա էս բոլոր կետերը ի կատար ածել ձեռնհաս հանդիսանալով առաջադրած ամեն մի ասպարեզում՝ ժամանակն է, և շատ է կարևոր, որ թե Ընկերության խորհուրդը և թե ընդհանուր ժողովը ուշադրության և քննության առնեն Ընկ<երության> ոչ թե արտաքին ծավալը, այլ ներքին առողջությունը և ազատեն նրան թեկուզ և շատ ազնիվ, բայց ավելորդ հոգսերից։
Էդ թեկուզ և շատ ազնիվ, բայց ավելորդ հոգսերը Բարեգործական ընկերության համար առայժմ ես համարում եմ հրատարակչական-գրական գործը։ Արդեն Տեղեկագիրն ինքը հրապարակավ հայտարարում է, որ հրատարակչական-գրական գործը Բարեգործական ընկերության ամենաթույլ կողմն է։ Եվ երբեք էլ չի զարգանալու, քանի որ մենք թե՛ հրատարակչական և թե՛ գրողների գրական հատուկ ընկերություններ ունենք, որոնք, թեպետև գրականության համար միանգամայն աննպաստ ժամանակի պատճառով, գրեթե կանգ են առել, բայց պատերազմը դադարելուն պես գործի կանցնեն և նրանց կողքին ուղղակի անիմաստ կերևան Բարեգործականի էդ կետերը, որ իրեն համար իմիջիայլոց են։
Սրանից հետո մի երկու խոսք պետք է ասեմ ուսումնարանական գործի մասին։