Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է թփերի վրայի որդերով, բողոճներով։ Դուք ուղիղ եք հասկացել»։

Եվ նույնիսկ մի տուն թուրքերեն ոտանավոր է բերել, որ ցույց է տալիս, թե խարը վարդը փչացնող բողոճն է։

Էս բոլորից հետո թող պարոն Մակինցյանը չվախենա, թե եթե ես իմ սիրած Սայաթ-Նովան թարգմանեմ, կարող եմ էն տեսակ անհեթեթ բաներ անել, ինչ որ ենթադրել է իր հոդվածում շատ անտեղի։


ՄԻ ԵՐԿՈՒ ԽՈՐՀՈՒՐԴ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ

Կազմակերպված հասարակական բարեգործությունը, որ հներում միայն կուլտուրական ժողովուրդներին էր ծանոթ, ժամանակի ընթացքում թե՛ ձևի և թե՛ գաղափարի կողմից զարգացավ, հասավ այժմյան դրությանը։ Այժմ բարեգործությունը, որ մի հասարակական իմաստուն պարտականություն է, ոչ միայն նրա մեջ է կայանում, որ անցողակի նյութական օգնություն հասցնի կարոտության մեջ գտնվող մարդուն՝ առժամապես նրա տառապանքն ամոքելու համար, այլ, անմիջական նյութական օգնությունը վերապահելով սուր մոմենտներին և արտակարգ դժբախտ դեպքերին, գլխավորապես ձգտում է էնպես անի, որ մարդը մշտապես ազատ մնա աղքատության ու կարիքի երեսից, իր աշխատանքով ապրի, և, փոխանակ իր հասարակության համար մի անախորժ բեռը դառնալու, դառնա օգտակար անդամ։

Էս տեսակետից էլ գործին նայելով, շատ հասկանալի է, որ Կովկասի Հայոց բարեգործական ընկերության կանոնադրությունը հենց իր առաջին հոդվածով էսպես է որոշում Ընկերության հիմնական նպատակը.

«§ 1. Ընկերության նպատակն է՝ նպաստել լուսավորության տարածմանը հայերի մեջ Կովկասում ու Անդրկովկասում և օգնել նոցա նյութականապես»։