Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես չեմ խոսելու ժողովածուի մասին, այլ երկու բառի, որ վերաբերում են Սասունցի Դավթին։

Պ․ Մակինցյանը ժողովածուի սկզբում մի համառոտ հայացք է գցել մեր գրականության վրա, որի մեջ, Սասունցի Դավթի մասին խոսելիս՝ հիշատակում է Դավթի զորության նշանը՝ խաչ պատարազինը, և ասում է, թե պրոֆ․ Կոստանյանը հայոց մի հին աստծու անունով է բացատրում պատարազինը, իսկ Առյուծաձև Մհերը թարգմանում է разрыватель льва՝ առյուծ պատառող, ձևող (I.XVI

Խաչ պատարազինը, որ ավելի շատ գործ է ածվում խաչ պատրազին ձևով, միշտ զանազան տարակուսանքների ու մեկնությունների առարկա է եղած։ Սկզբներում շատերի կողմից ընդունվել է խաչ պատարագի մտքով, և նույնիսկ ես էլ էդ ձևով պահել եմ իմ «Սասունցի Դավթի» մեջ, որ գրել եմ երեխաների համար։ Բայց հետագայում հայտնվեցին նոր վարիանտներ, որոնք միաժամանակ անխտիր գործ են ածում և խաչ պատրազին, և խաչ պատրաստի ձևերը, և պարզ ակնարկում են, թե պատրաստի բառն է, որ ժամանակի հետ պատմողների բերանում դարձել է պատրազի, և այժմ երկու ձևն էլ գործ են ածում։ Ճիշտ էնպես, ինչպես ժողովուրդն ասում է և աստված և ասված- առանց տ-ի կամ տ-ն փոխում է զ-ի, մուրատ-մուրազ։

Օրինակ՝ հանգ․ Ս․ Հայկունու գրի առած Մհեր և Դավիթ, Էմինյան Ազգագրական ժողովածու, հատ․ դ․, 435 երեսում անվանում է խաչ պատրաստի

— Դավի՛թ, մի ե՛լ վեր, քեզ կանչի Մարութիկ Աստվածածին, խաչ պատրաստի վեր աջ թևին․․․։

Մի քիչ ներքև, 437 երեսում, փոխում է շինում խաչ պատրազին։

Եվ արդեն խաչի կամ սուրբ նշանի, և կամ զորության նշանի նշանակությունն էլ հենց նրա մեջն է, որ միշտ իրեն հետ է ու միշտ պատրաստ, որովհետև իրեն հետ է ծնված։ Էդպես է ծնված և հին հնդկական դյուցազնը—Բհարատը կամ Բըգարատը, որ, հնդկական առասպելի ասելով, եղավ