Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բագրատունի դինաստիայի նախահայրը, մի ցեղի, որ թագավորեց, ասում է, ամբողջ աշխարհքում։ Նա էլ իր զորության շրջանաձև նշանը՝ անմահության նշանը իր մարմնից, իրեն հետ ծնված, անբաժան ու մշտապատրաստ կրում էր իր աջ բազկի վրա։

Էդ նշանն է, որ քրիստոնեության ազդեցության տակ փոխվել է խաչի և խաչ պատրաստին էլ խաչ պատրազի, խաչ պատարազի, խաչ պատարագի…

Ո՞վ գիտի, գուցե հնդկական Բըգարատի առասպելն էլ, Հայաստան մտնելուց հետո, նույն պատճառով ու նույն ճանապարհով շրջվել է դեպի հրեականությունը, որ հայոց Բագրատունիների կամ հին դյուցազնական մի ցեղի ծագումը, որ առաջ կապված էր հին աստվածների հետ, այժմ էլ կապի Դավթի տան հետ, որ նույնն է թե Քրիստոսի հետ։

Նույնպես տարակարծիք եմ, իբրև թե Առյուծաձև Մհեր նշանակեր առյուծ պատառող, разрыватель льва, ինչքան էլ ձևելը նշանակեր պատռել, ճղել, և թեպետ մեր էպոսին քաջահմուտ պարոն Մ․ Աբեղյանն էլ նույն մեկնությունն է տվել։

Առյուծաձև կնշանակի առյուծակերպ, առյուծանման։ Հաճախ էդպես են ծնվում դյուցազունները, ոնց որ էդպես է ծնվել և Բըգարատը՝ առյուծի կերպարանքով։ Ով որ առյուծ է պատռում, նա առյուծաձև չի կոչվում։ Սասունցի Դավիթը ինքն էլ է առյուծ պատառում, հրեական Սամսոնն էլ, բայց նրանք առյուծաձև չեն։ Սանասարի որդի Մհերը առյուծաձև է, որովհետև առյուծի կերպարանքով է ծնվել, և սխալ է թարգմանած разрыватель льва, պետք է լիներ львеподобный, львеобразный.


ԱԴԱՄՅԱՆԻ ՕՐԵՐԻՑ
(Հիշողություն)

Լրացավ Պետրոս Ադամյանի մահվան քսանհինգ ամյակը։