Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տպվեցին հայոց մամուլի մեջ, իբրև թե Մեսրոպ եպիսկոպոսը զենքեր է ստանում ու բաժանում հայերին. Անդրանիկն էլ խմբեր է կազմում վրացիների դեմ։

Թե էս տեսակ մի բան գրողը, թե սրա տպողը, անշուշտ, երկուսն էլ կամ շատ կարճամիտ ու աշխարհքից անտեղյակ մարդիկ են և կամ սոսկ չարախոսներ։ Ես միշտ հակված եմ առաջինը տեսնելու։ Սակայն, ինչ էլ որ լինի, մի թշվառական միամիտ, թե չարախոս դավադիր, երկու դեպքում էլ գրածը պետք է հերքվեր։

Զարմանալի է, թե Մեսրոպ սրբազանին վերաբերյալ դեպքը, որ պաշտոնական հանգամանք ունի, ինչպես է որ չի հերքվել մինչև օրս հենց պաշտոնապես։

Ինչ վերաբերում է Անդրանիկին, երբ էս գրածը կարդացինք, նա զարմացավ, որ մի որևէ վրացի, թեկուզ նրանց միջի ամենահիմարն էլ, կարող է մտքովն էս տեսակ բան անցկացնել։

— Խե՜ղճ մարդիկ,— բացականչեց,— Անդրանիկը եթե խումբ կազմելու լինի, ոչ թե ձեր դեմը գալու համար կկազմի, այլ ձեզի օգնելու, եթե երբևիցե. դուք էլ նեղության մեջ լինիք մի Էնվերի ձեռքից, ինչպես մեր ժողովուրդն է… Էսպես գրե նրանց…

Էսպես ասավ Անդրանիկր։ Բայց ո՞ւմ գրեմ, որ տեղ հասնի, և ինչպե՞ս ասես, որ հավատա և ամաչի ու լռի նա, որ, ինչպես ասի, կամ մի թշվառական տխմար է, կամ անսիրտ չարախոս։

Եվ վերջապես նրանք ո՞րտեղից են ճանաչում Անդրանիկին, և իսկի կարո՞ղ են երևակայել, թե նա ինչ զգացմունք ունի դեպի նույնիսկ քուրդը, խաղաղ քուրդը, թե ինչպես է խոսում Շեդրտան և նման ուրիշ ցեղերի մասին, և ինչպես է վերաբերվում նրանց… ո՞ւր մնաց մտածեր վրացիների դեմ, ինչպես գրում ու տպում են հրապարակավ․․․

Էս տեսակ հոդված կարդալուց հետո մարդ լցվում է անհուն ցավով ամեն անգամ, երբ լսում է նրա՝ Անդրանիկի.