Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էդ մասին մտածեին մեր տաղանդավոր դասախոսները և գոնե աշնանը կարողանային գլուխ բերել էն գեղեցիկ գրական երեկույթը, որ Գրողների ընկերությունը որոշել է նվիրել նրան և ետ է ընկել ձախորդ պայմանների պատճառով։ Էդ երեկույթի հետ միասին կապված են և նրա երկերի լիակատար ժողովածվի հրատարակությունն ու նրա մահարձանի խնդիրը։ Էսօր, երբ հրապարակի վրա է հայոց գրականության ազգային պաշտպանության խնդիրը, ես ուզում եմ առաջ բերել նրա կարծիքը էդ մասին։ Էս կարծիքը ես հանում եմ մի տետրակից, որ մահվան նախընթաց օրերում նա հանձնել է ինձ մի շարք ուրիշ թղթերի ու նամակների հետ։ Ամբողջ տետրակը մի հոդվածի սևագրություն է, վերնագիրը «Տարրական ճշմարտություններ»։ Ինչպես երևում է հույս չունենալով, թե մեր թերթերում կարող է հոդվածն անցկացնել, մտադիր է եղել առանձին բրոշյուրով հրատարակելու։

Ասում է. «Չուզենալով ոչ ոքի դեմ բանակռիվ սկսել, մի քանի տողով ուզում եմ մի քանի տարրական ճշմարտություն հայտնել, ճշմարտություն, որ շատ է ոտնատակ տրվում ամեն տեղ և ամեն ժամանակ»։

Խնդիրը գրողների մասին է, թե պե՞տք է արդյոք, որ նրանք նյութապես ապահով լինին, թե ոչ։

Մտավոր և բարոյական զարգացումը՝ ամեն ազգի ու անհատի վերաբերությամբ, նյութական ապահովության արդյունք է։ Տնտեսապես աղքատ մի ժողովուրդ կարող չէ ոչ մտավոր և ոչ բարոյական բարձր զարգացում ունենալ։ Ով որ ստիպված է իր օրական ապրուստի համար առավոտից մինչև երեկո եզան պես աշխատելու, նրա համար կարող չէ գոյություն ունենալ ոչ գիր և ոչ գրականություն։ Այս է պատճառը, որ զարգանում է ժողովրդի այն դասակարգը, որի համար ուրիշներն են աշխատում։ Այս է պատճառը, որ սկզբումը գիրն ու գրականությունը երկար դարերով ամփոփված են մնում մեհյաններում ու վանքերում։ Այս է պատճառը, որ սկզբում, ու հենց մեր օրերում էլ,