Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարձրագույն ուսում ստանում են միայն արտոնված դասակարգի զավակները։ Այս հանգամանքն անվայել է բանական արարածին, բայց էվոլյուցիայի օրենքով աշխարհս դեռևս այս դժբախտ հանգամանքի ստրուկն է։

Այս միևնույն օրենքով ժողովրդի լուսավորության ղեկը երկրի իշխողների ձեռքին է լինում, որ ասել է հոգևոր ու մարմնավոր կառավարության, որով երկրի լուսավորվելու չափն ու հատկությունը կախված է լինում այդ կառավարությունների ձևից ու հատկությունից։ Մուսուլմանական աշխարհը այլ կերպ է տանում լուսավորության գործը, քրիստոնեական աշխարհը՝ այլ․ տարբերություն կա այդ կողմանե նաև կաթոլիկ ու բողոքական աշխարհներում, սահմանադրական ու միապետական աշխարհներում։ Բայց ամեն տեղ և ամեն ժամանակ ուսումն ու գրականությունը գտնվում է իշխողների խնամակալության տակ։

Ապա օրինակներ բերելով՝ թե ինչպես Ռուսաստանում Պետրոս Մեծն է դրել աշխարհիկ գրականության ու լուսավորության հիմքը, հիշատակելով Յապոնիան ու էս կողմից գովելով հունական ազգն ու նրա հայրենասիրությունը, թե ինչպես են պաշտպանում իրենց ազգային գրականությունն ու կուլտուրան, անցնում է մեզ ու շարունակում է.

«Գրականություն ունենալու համար հարկավոր են գրականագետներ։ Արդյոք ունե՞նք մենք իսկական գրականագետներ, այն նշանակությամբ, ինչպես այդ բանը հասկացվում է ամեն մի լուսավորյալ երկրում, ուր կան համալսարաններ, ակադեմիաներ և զանազան ուսումնական ընկերություններ։ Սրա պատասխանն է մի խոշոր բացասական ՈՉ։

Մեր մեջ կան, այո՛, գրողներ, գրելու շնորհք ունեցողներ, ինչպես և դերասաններ, բայց ինչ աստիճանի որ է մեր թատրոնն ու թատերգությունը, նույնն են և մեր գրողներն ու գրականությունը։

Այսպես պետք է լինի ներդաշնակության օրենքով։ Անհատի աճելությունը բոլոր անդամների մեջ հավասարապես