շատ առաջ, և այնուհետև ես ոչինչ չգրեցի, մինչև «Արարատի» խմբագիր նշանակվելս։ Եվ այնուհետև էլ գրել եմ միայն այն ժամանակ, երբ կողմնակի պարապմունք եմ ունեցել, բայց տարվա մեջ մի փոքրիկ բան միայն և այն էլ ոչ ամեն տարի։ «Աղբյուրի» խմբագրատանը իմ գրիչն ավելի բեղմնավոր եղավ, երբ ռոճիկ էի ստանում խմբագրից, բայց հենց որ դադարեցրեց նա իր ռոճիկ տալը, ես էլ դադարեցրի գրելը և սկսեցի ապրելու մի այլ ճանապարհ փնտրել։ Սակայն այլ ճանապարհով ապրելու անհաջողություն գտնելով՝ մնացի խեղճ, որի մասին հայտարարեց «Մշակը», և բարի մարդիկ օգնություն հասցրին։ Այդ ազնիվ բարերարներիս հրապարակապես հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը։ Դրությունս շատ էր անելանելի, հուսահատությունիցս ուզում էի զյուրովին երթալ։ Այդ հուսահատության մեջ ձգեցին ինձ բոլոր խավարամիտները խոսք մեկ արած։ Այս մի ահագին եղերերգություն է, եթե գրի առնվի։ Ուրեմն գրչի հարազատ մշակները ոչ միայն դառն անապահովության են մատնված, այլ շատ անգամ նաև հալածանքի են ենթարկված»։ Ապա թե, վերադառնալով դարձյալ ընդհանուրին, Աղայանը շարունակում է.
«Քիչ առաջ ասացի, որ մենք իսկական գրականագետներ չունենք, այսինքն չունենք գրականությամբ ապրող դասակարգ։ Մեր գրողները կողմնակի պարապմունքով շատ թե քիչ ապահովված մարդիկ են, և այդ է միայն որ հնար է տալիս նրանց գրելու։ Այս հանգամանքը այն ամենավատ կողմն ունի, որ կրթվող երիտասարդներից ոչ ոք մտքովն անգամ չի անցկացնում ազգային գրականությանը նվիրվելու։ Համալսարան մտնողը, որքան էլ գրողի կոչում զգա իր մեջ, մտքովն անգամ չի անցկացնիլ գրական բաժինն ընտրելու, ապագայում իր ազգային գրականությանը նվիրվելու համար։ Նա ամենից առաջ մտածում է, թե որ բաժնից (ֆակուլտետից) դուրս եկածներն են ավելի ապահով վիճակ ունենում։ Եվ ինչո՞ւ պետք է այդպես չմտածե, քանի որ հայ գրականությունից նա չի կարող ապրուստի