Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է կատարվում, նույնն է և հասարակության աճելությունը և զարգացումը։ Եկեղեցի, ուսումնարան, թատրոն, գրականություն, ընկերություններ, բարեգործություն, և այլն, բնականապես պետք է իրար համապատասխան լինեն ըստ զարգացման, ու հենց այդպես է մեր մեջ ամեն ինչ, որ ընդհանուր ազգային է, որովհետև մեկը մյուսից կախումն ունի, ամենի մեջ սերտ կապակցություն կա»։

Նկատելով, որ անապահովությունը ազգի մտավոր և բարոյական զարգացման ծառայողների վերաբերությամբ ընդհանուր է, Աղայանը կանգ է առնում մեկենասների ու նրանց տված նպաստների վրա։ Ասում է՝ «Ես իմ կյանքում չեմ տեսած և ոչ լսած, որ մեզանում մի որևիցե գրականագետ առանց արտաքին օգնության մի որևէ աշխատություն լինի տպագրած։ Մխիթարյանների թե՛ գրական և թե՛ նյութական հարստությունը մեկենասների տված նպաստներովն է դիզված։ Մեր ամենից հռչակավոր բանաստեղծ Գամառ-Քաթիպան իր ծնվելու օրից սկսած մինչև մեռնելը նպաստի է եղել ենթակա։ Րաֆֆու «Փունջերը» մնացին տպարանում փակված՝ տպագրության վարձը չվճաբելու համար, վերջը կշեռքով ծախվեցին մանրուք փաթաթելու համար։ Եվ եթե Արծրունու տված վարձատրությունը չլիներ կամ Ալեքսանդր Մելիք-Հայկազյանի պես մեկենաս չունենար, նա վեպ գրելու հնարավորություն չէր ունենալ և իր բեղմնավոր գրիչը ամլության կմատնվեր։ Արծրունին ինքն էլ սկզբում իր հորից էր օժանդակություն ստանում, հոր մահից ու քարվանսարան ձեռքից գնալուց հետո էլ նա չքաշվեց ազգից օժանդակություն ուզելուց։ Պռոշյանը իր «Հացի Խնդիր» վեպը գրել է հատկապես հացի խնդրի համար և տպագրել է Աբգար Հովհաննիսյանի արած օժանդակությամբ, անունն էլ նրա համար է գրել «Հացի Խնդիր», մի անուն, որ ուրիշ ոչ մի կապ չունի վեպի բովանդակության հետ։ Նույն երևույթը Ա. Երիցյանի վերաբերությամբ։ Գալով իրեն ասում է. «Իմ առաջին աշխատությունը Րաֆֆու «Փունջերի» օրն ընկավ դեռ նրանից