Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սերբիական էպոսի մեջ վառ ապրում են նախաթուրքական շրջանի և թուրքական տիրապետության շրջանի հիշողությունները, պատմական դեպքերն ու հերոսները։

Էդ հերոսներից մինն է Վուկաշին թագավորը, որ ընկավ թուրքերի ձեռքից։ Ընկավ և նոր կազմակերպվող, ջահել Սերբիան, սակայն ընկավ վերստին կանգնելու կյանքով ու տենչանքով լիքը։

Ահա էս Վուկաշինի որդին է սերբիական էպոսի մեծագույն հերոսը՝ Մարկոն, որ հանդիսանում է սերբ ժողովրդի ազգային նվիրական զգացմունքների ու առաքինությունների մարմնացումը, նրանց Սասունցի Դավիթը։

Սերբերը սկզբներում թուրքերին հաշտ աչքով էին նայում, նրանցից չէին սպասում էն չարիքները, ինչ որ տեսան հետագայում, դրա համար նրանց ազգային հերոսն էլ, էպոսի մեջ, իբրև էդ մոմենտի ու վերաբերմունքի արտահայտություն՝ համարվում է սուլթանի հոգևորդին, սուլթանն էլ նրա հոգեհայրը։

Բայց կարճ ժամանակից հետո թուրքերը սկսում են իրենց անտանելի ճնշումները՝ գեղեցիկ կանանց ու տղերանցը հավաքել, սերբերին արգելել զենք կրելը, ձի նստելը, կանաչ զգեստ հագնելը, ծանրաբեռնում են ամեն տեսակ հարկերով ու տուրքերով, զզվեցնում ու զայրացնում են ժողովրդին, և ահա հոգևորդին դուրս է գալիս հոգեհոր դեմ։

Էպոսի մեջ դա արքայազուն Մարկոն է, իսկ հետագայում էն սերբ հայդուկներն էին, որոնք, իրենց սեփական ուժերի վրա դրած իրենց փրկության հույսը, դուրս եկան իրենց լեռներն ու հայտարարեցին՝ միանգամայն ընդմիշտ թուրքի դեմ։ Եվ որովհետև միանգամ ընդմիշտ թուրքի դեմ վեր էր կացել և Ռուսաստանը ու ծանր հարվածներ էր տալիս թշնամուն, դրա համար Ռուսաստանն էլ է մտել սերբիական ազգային էպոսի մեջ[1]։

  1. Անցյալ տարի էդ երգի թարգմանությունը տվինք՝ «Մոսկովի ցարի ընծաներն ու սուլթանի փոխընծաները»։ Հովհաննես Թումանյան