Մի տանջանքից հետո պիտի ընկնեն մյուս տանջանքի մեջ, մի հալածանքից հետո մյուս հալածանքի մեջ։
Եվ ահա մեր առջև կանգնում է հարկի ու օրենքի խնդիրը։ Եվ որովհետև արտակարգ ժամանակներն ու արտակարգ դրությունները արտակարգ վերաբերմունք են պահանջում, որովհետև «հարկ զօրէնս լուծանէ»՝ պետք է անհապաղ թեթևացնել էդ անծայր դժբախտների ճակատագրի ծանրությունը։ Հայոց եկեղեցին պետք է միջնորդություն հարուցանի պատշաճավոր իշխանության առջև՝ օրինավոր ընդունել տալու նրանց զավակներին և ինքն էլ ընդունի իր մայրական գիրկը։ Ինչքան շուտ, էնքան լավ։
Եվրոպայում սլավոն ժողովուրդների մեջ ավելի ուշ է զարգացել գրականությունը, էդ պատճառով էլ ավելի երկար ժամանակ նրանց մեջ է կենդանի մնացել ժողովրդական բանահյուսությունը։ Սլավոնների մեջ էլ ամենից լավ պահել ու զարգացրել է իր էպոսը սերբ ժողովուրդը, որ, սլավոնագետների կարծիքով, թեև ենթարկվել է թուրքերի քաղաքական ծանր լծին, բայց ազատ է մնացել էն երկարատև հասարակական ստրկությունից, որին ենթակա են եղել ռուսն ու լեհը ճորտատիրական կարգի պատճառով և ազնվականության ճնշումի հետևանքով, որ հազար անգամ ավելի սպանիչ ազդեցություն է արել, քան ամեն քաղաքական լուծ ու ճնշում։ Եվ սրանից է, որ ռուսական ազգային էպոսի (былина) մասերն էլ կենդանի են մնացել ավելի երկրի հյուսիսային ծայրերում, ուր ճորտատիրության օրենքը չի հասել։
Սերբ ժողովրդի էպոսը չորս շրջան ունի.
1. Հնագույն կամ դիցաբանական երգերը, 2. Կոսովյան դաշտի երգերը, 3. Արքայազուն Մարկոյի երգերը և 4. Նոր ժամանակի երգերը։