Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անելու տուժած կողմը։ Վկա՞ կբերի․․․ Բայց նրա մի վկայի դեմը դիմացից տասը կհանեն։ Եվ հանցավորը, արդարանալուց կամ կարճ պատժից հետո եթե վերադառնա, ո՞ւր է գնալու, ո՞նց է ազատվելու նրանց դեմը դուրս եկած վկան։ Ո՞վ է գիժ՝ գնա սրանց դեմը վկա կանգնի, անցավ գլուխը գցի անվերջ ցավի մեջ։ Ո՞ւմ համար․․․ ինչի՞ համար․․․

Ի՞նչ անի սրանց դեմ էս կամ էն խաղաղ գյուղացին։ Ուզի-չուզի, վերջիվերջո պետք է հաշտվի իր անզորության ու դառը ճակատագրի հետ և ծունկ չոքի չարի առաջին։ Եվ մեր ժողովուրդը, մանավանդ մեր երկրի ետ ընկած, խուլ ու խավար անկյուններում, չոքած տնքում է սրանց առաջին ու չի էլ համարձակվում բողոք բառնալու, որովհետև շատ փորձերով ու փորձանքներով խրատ է առել։

Էստեղ իմ աչքով տեսած բազմաթիվ դեպքերից մինը պատմեմ, ցույց տալու համար, թե ինչ բան են վկա ու արդարադատություն ասած բաները։

Իմ հերը քահանա էր ու մի ժամանակ գործակալ Լոռու շրջանում։ Մի օր, շրջագայության ժամանակ, գնում եմ նրան պատահում Կ․ գյուղում։ Տեսնեմ՝ ամբողջ գյուղը հավաքված, հերս, իր սպիտակ միրուքով մեջտեղը նստած, ամեն մի կողմը մի-մի տանուտեր, մինը Կ․ գյուղի տանուտերը, մյուսը մեր գյուղի, առջևն էլ մի տարօրինակ շիշ, զմուռով կնքած։

Տեղ տվին, նստեցի։ Տեսնեմ՝ հերս հրապարակական դատ է սարքել։

Գյուղի պաչոտնիներից (պատվավորներից, իշխաններից) մինը մի աղքատի աղջկա խաբել է, թե քեզ հետ կամուսնանամ, բռնաբարել է աղջկան, հետո, տեսնելով, որ հղի է ու կարող է փորձանք առաջ գալ, մի շիշ թույն է բերել, իբրև ուրիշ դեղ աղջկանը տվել, որ խմեցնի, սպանի։ Եվ ահա էդ մի շիշ թույնն է, որ բռնվել է ու դրած է հորս առաջին։