Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իր գործակալական կնիքով կնքել է, աղջկանը հարց ու փորձ արել, հանցավորն էլ չի կարողացել իր հանցանքն ուրանալ, որովհետև գյուղում ինչ որ կատարվում է, գրեթե ամենքն էլ գիտեն։ Եվ ահա կարճ ու համառոտ կայացել է քննությունը, դատն ու վճիռը։ Հանցավորը խոստովանել է ու խոստացել, եթե ինքը աղջկա հետ չամուսնանա, հոգում է նրա ամեն ծախքերը մինչև ամուսնությունը, ամուսնության համար էլ տալիս է 500 ռ․ փող և բոլոր բաժինքը։ Ու վճիռը գրվում է։ Ես հասել եմ հենց էս ժամին։

Հորս մի կողմը կանչեցի մի երկու մարդու հետ ու ասի, որ էդ գործը չէ՞ որ իր գործը չի, գործակալի գործ չի, քրեական գործ է, պրոկուրորի գործն է։

Հերս թե՝

— Ա՛յ որդի, թեկուզ էդպես էլ լինի, սուս արա։ Ես որ չեմ հասկանում, սրանք ի՛նչ են հասկանում։ Թող մեր միջին վերջացնենք, գնա։ Բանը կընկնի պրոկուրորին, էս խեղճերի տունը կքանդվի․․․

Եվ շուտով ամենքն էլ իմացան, որ էս գործը գործակալի գործը չէ, պրոկուրորի գործն է, իմացավ և հանցավորը ու էն խեղճացած մարդը հանկարծ կենդանացավ, գազան կտրեց, սկսեց գոռգոռալ ու հոխորտալ։

— Էս ի՞նչ գործակալի գործ ա․․․ Էս ուգալովնի գործ ա․․․ գանգատ ունի, թող գնա պրոկուրորին գանգատ անի․․․ Հրե հա՜՝ պրոկուրորը Թիֆլիս, էն էլ ճամփեն, թող գնա, տեսնենք ինչ պտի անիլ․․․

Աղջկա հերն էլ, մի պատառոտուն սալդաթի շինել հագին, սկսեց իր կողմից սպառնալ։

— Հալա կաց՝ հրես գնամ պրոկուրորին գանգատ անե՜մ, էս շուշեն էլ էսենց պեչատած տանեմ առաջին դնեմ․․․ հալա կաց․․․

Իհարկե, և հերս, և հասարակությունը լռեցին, ցրվեցին, կիսատ գրած վճիռն էլ ես վերցրի, հիշատակի համար, դրի գրպանս ու մինչև օրս էլ մնում է մոտս։