Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀԱՅՈՑ ԳՐԱԿԱՆ ԼԵԶՎԻ ԽՆԴԻՐԸ

Ամեն անգամ, երբ մեզանում բարձրանում է հայոց գրական լեզվի խնդիրը, արտասովոր հետաքրքրություն է առաջ գալիս մեր մտավորական խավերում, մանավանդ գրական ու դպրոցական շրջաններում։

— Ի՞նչն է սրա պատճառը։

— Սրա պատճառն էն է, որ դեռ վերջնականապես չի կազմակերպված հայոց գրական լեզուն, դեռ շատ վիճելի խնդիրներ ու խախուտ կողմեր ունի իրեն մեջ։ Իսկ դպրոցն ու գրականությունն ուրիշ բան չեն, եթե ոչ ամենից առաջ լեզու։

Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը։

Եվ շատ էլ չէին սխալվում հներում, եթե լեզու ասելով ազգ էին հասկանում։

Բայց ես չեմ մտնելու ինձ համար անմատչելի լեզվաբանության մեջ։ Էդ մասին մոտիկ առաջիկայում մեր լեզվագետները կխոսեն։

Ես չեմ կանգնելու նաև հայոց լեզվի վրա։ Դրանից էլ կխոսեն մեր հմուտ հայկաբանները։

Ոչ էլ մեր գրական լեզվի զարգացման տեսությունն եմ անելու և կամ անդրադառնալու եմ գրաբարի ու աշխարհաբարի կռվին, որ վաղուց վերջացած է արդեն։

Աշխարհաբարի ու գրաբարի կռվին հաջորդել է նոր խնդիր՝ թուրքահայ ու ռուսահայ գրական լեզուների խնդիրը, էս գրական լեզուների և ժողովրդական բարբառի հարաբերության և լեզվական փոխառությունների խնդիրը, ուրիշ խոսքով՝ դրված է մեր գրական լեզուն վերջնականապես մի ճանապարհի վրա հաստատելու, միանգամ ընդմիշտ