նրա բնավորությունն ու սահմանները որոշելու խնդիրը։
Ահա էս խնդիրներն եմ ես թեթևակի շոշափելու էս գիշեր և առաջարկելու մեր՝ ավելի կարող մարդկանց քննությանը։
Եվ եթե համարձակվել եմ տեղ-տեղ լեզվագիտության սահմանները թևակոխել և առաջադրել էս կամ էն հայացքը, բոլորը հանել եմ զանազան լեզվագիտական գրվածքներից և բառարաններից, հարկավ՝ էնպես ու էն չափով, ինչպես ու ինչ չափով որ գտել եմ առողջ իմ տեսակետից և հարմար իմ հայացքին ու գրական ճաշակին։
Ամեն մի ազգի կուլտուրական զարգացման ընթացքում նրա կենդանի լեզվի ճյուղերից մինը, մի որևէ բարբառ, մի որևէ պատահական պատճառով՝ կամ եկեղեցու լեզուն հանդիսանալով, կամ գիտության, կամ վաճառականության, կամ մի արտասովոր մեծ գրողի երկի լեզուն, տարածվում է ավելի ընդարձակ շրջաններում և հետզհետե, իր մեջ առնելով ու ամփոփելով մնացած բարբառների կենսունակությունն ու հարստությունը, ամենուրեք ընդունվում, սիրվում, տիրում է ու դառնում է ընդհանուր ազգային գրական լեզուն։
Սակայն, ինչպես բարբառների, էնպես էլ գրական լեզվի թե ստուգաբանությունը (էտիմոլոգիա), այսինքն բառի կազմությունն ու փոփոխությունը՝ խոնարհումն ու հոլովումը, հնչյունն ու շեշտը, և թե լեզվի շարադասությունը, համաձայնությունը (սինտաքսիս), այսինքն բառերի ու նախադասությունների հարաբերությունը, անաղարտ ու մաքուր չեն ոչ մի լեզվի մեջ։
Ժողովուրդների անմիջական հարաբերության հետևանքով, կամ գրականության ու կուլտուրայի միջոցով, լեզուներն անդադար իրարից փոխառություններ են անում։
Անցյալից մնացած ու հնացած, քարացած ձևեր են պարունակում ու պահում իրենց մեջ և, նույնիսկ, հասարակ սխալներ են ընդունում ու սրբագործում։