Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լիսիցյանի ու Իփեկյանի նման գրականությանը հմուտ մարդկանց առաջ։

Իսկ եթե բողոքավորները ուժերի անհավասարակշռություն ասելով ոչ թե մեղադրական ակտ ու այլ հանգամանքներ, այլ ուղղակի անձնավորություններ են հասկանում, էն ժամանակ թող անուններ տան, թե ո՞ւմ կուզեին։ Եվ սրա հետ միասին թող էն էլ իմանան, որ թե դատախազներից և թե պաշտպաններից յուրաքանչյուրը ինքն է ընտրել իր դերը։

Այո՛, պետք է պաշտպանել գրականությունը, և ո՞վ ավելի ուրախ կլինի դրա համար գրողից ավելի, իսկ էս դեպքում ես ուրախանալու կրկին պատճառներ ունեմ, բայց պետք է պաշտպանել ոչ թե բողոքներով ու վրդովմունքներով, որ անտեղի ու անպետք են էստեղ, այլ լուրջ առարկություններով ու պատճառաբանություններով, որ լսողն էլ բան հասկանա և տեսնի գիտակցական ու խորն են հարգանքն ու սերը։

Դատից հետո ես պատահեցի էն տեսակ վրդովված մարդկանց, որոնք կարծում էին, թե Շանթի դրաման դրամատիկական պոեմ անվանելով, դատավորները նվաստացրել են նրա գործը և եթե մեջը տիպեր չեն գտել՝ դրանով էլ տապալել են միանգամայն։

Էս կնշանակի գրականությունից ու նրա ֆաուստներից կամ մանֆրեդներից հասկացողություն չունենալ միանգամայն։ Եվ էս տեսակ հարգանքն ու սերը չեն ուրախացնիլ գրողին։

Էս տեսակ մարդիկ պիտի աշխատեն զգույշ լինել, թե չէ իրենց լավ զգացմունքներին կարող են տալ սխալ ընթացք ու դուրս գալ ոչ թե գրականության օգտին, այլ նրա դեմ, ոչ թե բարեկամներ, այլ թշնամիներ։

Ամեն մարդ մի որոշ հասկացողություն ու մի տեսակետ ունի։ Պետք է լսել սառնասիրտ ու դեմը հանել իր հասկացողությունը։