քանի զարգանա, էնքան շատ ավելի բարդ պահանջների պիտի պատասխանի և ավելի շատ ու առատ պիտի թե՛ փոխ առնի, թե՛ փոխ տա։
Եվ միշտ ավելի լավ է չունեցած բառը փոխ առնել, քան ճգնել անպատճառ ստեղծել կամ թարգմանել ու ֆրակը շինել պոչազգեստ, կոտլետը կողիկներ կամ ռահատ-լոխումը հանդստապատառ։
Անճիշտ կամ անշնորհք թարգմանությունները ավելի շատ են վնասում լեզվին, քան ուղղակի փոխառությունը։ Հաճախ կտեսնենք, որ մեզանում՝ նույնիսկ просвещение, цивилизация,культура թարգմանում են միևնույն բառով՝ լուսավորություն։
Եվ էսպեսով լեզվի հաջող փոխառությունն ու ճիշտ թարգմանությունը մեծապես տաղանդի ու շնորհքի գործ են դառնում, բայց, դժբախտաբար, լեզվի վրա անշնորհք մարդիկ շատ են ազդում, և հասկացող ու կիրթ ճաշակի տեր մարդկանց միայն մնում է խոսելիս թե գրելիս, փոխ առնելիս թե թարգմանելիս, զգույշ լինել ու բարեխիղճ, որովհետև ամեն մի հնչյուն, ամեն մի բառ, ամեն մի ձև կամ ոճ մի մեծ ստեղծագործություն է ու մի ամբողջ աշխարհք։
Սակայն լեզվի խնդրում ամենից կարևորը լեզվի հիմքն է, իսկ լեզվի հիմքը լեզվի համաձայնությունն է, բառերի ու նախադասությունների հարաբերությունն ու կապն է։
Պատմության մեջ պատահում է, որ մի որևէ ազգ ենթարկվում է արտաքին մասսայական արշավանքի ու պարտության, և, ինչպես հաղթող զորագնդերը ներս են խուժում հաղթված ազդի քաղաքները, շեներն ու տները, էնպես էլ հաղթող թշնամու լեզուն է ներս խուժում պարտված ու ջարդված ազգի լեզվի մեջ։ Եվ նայած թե ինչքան է տևում էս վիճակը, էնքան էլ ծանր կամ թեթև են լինում հետևանքները՝ թեթև ազդեցություններից սկսած մինչև լեզվի ապազգայնությունը։
19-145