Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրած երկերը երբեք չեն հասնելու մայրենի բարբառով գրած երկերին։ Բարբառներ, որ օտարության մեջ հանդիսացել են լեզվական օազիսներ։

Ու մեր աչքի առջև, հետզհետե, քանի ժողովրդասիրական զգացմունքներն ուժեղացան, քանի դեմոկրատական ուսմունքներն ու հայացքները խորացան, ծավալ առան, քանի տառապող հայրենի երկիրն ու բնիկ ժողովուրդը ուշադրություն գրավեցին՝ էնքան ավելի ու ավելի երևան եկան, ճանաչվեցին ու սիրվեցին հայ ժողովրդի ազգային ստեղծագործությունները, նրանց թվում նաև լեզուն, և ամենից առաջ լեզուն։ Ու ինչպես ամեն մի երևույթ, ամեն մի ստեղծագործություն հանդես եկավ համապատշաճ ասպարեզում, լեզուն էլ առաջ եկավ գրականության մեջ և այժմ հայոց գրական լեզվի դրությունը պարզ է ու որոշ։

Գաղութային գրական լեզուները՝ ինչ որ հարազատ տարր ունին իրենց մեջ, հաջող փոխառություն և կամ ստեղծագործություն տալիս են նրան ու իրենք էլ, փոխադարձ զիջումներով իրար խառնվելով, միանում են նրա հողի վրա ու նրա մեջ, հայոց նոր գրական լեզվի մեջ, որ գալիս է ճոխացած ու ծովացած՝ արևելքի ու արևմուտքի ամենաթանկ հոգևոր գանձերով։

Եթե ինձ հարցնեք, թե ո՞րն է էդ լեզուն, իհարկե, չեմ կարող էսօր ձեզ ցույց տալ, թե որն է նա և ինչով է տարբերվում էսօրվա գաղութային գրական լեզուներից, ինչպես չի կարելի ցույց տալ դեռ չծագած արեգակը, որ տեսնեք, թե ինչով է տարբերվում էլեկտրական լուսից, բայց արդեն ցոլում են նրա կենդանի շողերը հայոց լեռների թիկունքներից և ցույց են տալիս, թե նա որտեղից պիտի ծագի։

Այո՛, նա արդեն ծագում է հայ ժողովրդի 31 և ավելի բարբառների ժխորից, և լինելու է էդ բոլորի համադրությունը՝ ամեն կողմից ազատ օգտվելու պայմանով։

Բայց գուցե ասող լինի, թե նրանք՝ էդ բարբառները, շատ են տարբեր, երբեմն էնքան, որ ասես տարբեր լեզուներ