հպարտություն մի անի, աստված հպարտություն չի սիրում։ Երկրորդ տողում խոսքը դարձյալ ոչ թե մեծերի, իշխանավորների մասին է, այլ ընդհակառակը՝ խոնարհների, նվաստների, կրտսերների։ Ասում է՝ խոնարհ եղիր քեզանից նվաստների, քեզանից ցածրերի մոտ, որովհետև, ինչպես շարունակության մեջ, ասում է՝
- «Աստուած դիփունանցըն մի հօքի էրիտ»։
Էս սխալները, որ ես բերում եմ, և բերում եմ միմիայն Սայաթ-Նովայի մի քանի երգից, և էն էլ ոչ բոլորը, համարում եմ էն տեսակ սխալներ, որոնց համար (թերևս մի բացառությամբ) թարգմանիչներն անպարտ են։ Անկարելի բան է՝ նրանց ձեռքը յարի թարգմանությունը տային ընկեր, և նրանք թարգմանեին дева, մանավանդ գիտենք, որ մեզանում էլ էդպես են հասկանում։
Եվ վերջապես, իմ արած նկատողություններից շատերը մեզանում վիճելի են տակավին։
Եթե ես ասում եմ՝ էսինչ տեղը բար պետք է լինի, ոչ թե բառ, էդ հո չի նշանակիլ, թե հայոց բանասերներն ու գրողներն իսկույն ևեթ ասելու են՝ աչքներիս վրա, էդպես էլ կընդունենք։ Դրան ապացույց հենց էն հանգամանքը, որ էս նկատողությունների մի մասը արել եմ դեռ գիրքը տպվելուց առաջ, մի երկուսն ընդունվել են և գրքի մեջ ուղղվել, մյուսները, ինչպես որ կային, էնպես էլ մնացել են։
Այժմ իմ արած նկատողությունների միտքը սա է։ Ափաշկարա տեսնելով էն ահագին տպավորությունը, որ արավ Հայաստանի բանաստեղծության գիրքը — «Поэзия Армении», և ի նկատի ունենալով, որ շուտով երկրորդ տպագրությունն է լինելու, պետք է հմուտ մարդկանց ձեռքով սրբագրել և դիրքն ազատել գոնե էն տեսակ սխալներից, որոնք միանգամայն փոխում են բանաստեղծության իմաստը և նսեմացնում են էս հոյակապ գործի արժեքը։