Ամեն կողմից բոլոր գավառների գրասիրաց ընկերոթյուններն իրենց ուսերը տակը կտան և արձանը կկանգնեցնեն։
Գումա՞ր է հարկավոր։ Նրանք ամեն տեղ երեկույթներ կհատկացնեն հենց իրեն Խաչտուր Աբովյանի անունով, և գումարը կգա։
Բայց դեռ ավելի մեծը կա։
Պետք է պաշտպանել հայոց գրականությունը։ Եվ պետք է պաշտպանել ազգովին, էնպես, ինչպես որ ինքը գրականությունն էլ ստեղծվում է ազգովին։
Ամեն մի գրասիրաց ընկերություն որոշ օր թող տարեկան մի արտակարգ մեծ գրական երեկույթ հատկացնի հայոց գրականության պաշտպանության համար, և հայոց գրականությունը կպաշտպանվի, ու կպաշտպանվի շատ պատվավոր ու գեղեցիկ ձևով։
Եվ սրա մեջ ինչքան նյութականը արժեք կունենա, նյութականից շատ ավելի բարոյականը կունենա նշանակություն և մեծ ազդեցություն կանի մեր գրականության ընդհանուր բնավորության վրա։
Թերևս չեմ սխալվիլ, եթե ասեմ՝ տաճկահայկական հարցը գրեթե ամբողջովին կլանել էր մեր մտավորական երիտասարդության ուժն ու եռանդը։
Մեծ պատերազմը եկավ էդ հարցի ասպարեզը արյան ծով կապեց ու պատեց անորոշ հույսերի մշուշով։
Դեռ պարզ ու վերջնական հաշիվ չենք տեսած, բայց պարզ է մի բան՝ ինքնուրույն ազգային կյանքի անզուսպ տենչը, որ արտահայտվում է զանազան ձևերով ու ճանապարհներով։
Էդ արտահայտություններից մինը եղավ և էն գրական-մտավորական շարժումը, որ մեր կյանքում գրեթե ամեն