տեղ բռնել ու բռնկվել է գրասերների ընկերությունների ու դասախոսությունների անունով։
Այժմ, երբ Ռուսաստանում էլ նոր ազատ կարգեր են հաստատվում, ավելի ևս պիտի հաստատվի ու խորանա մեզանում էս շարժումը և ընդունի շատ ավելի լուրջ կերպարանք։
Թիֆլիսը դեռ երկար ժամանակ պիտի մնա մեր կուլտուրական, գրական-գիտական շարժման կենտրոն։ Իսկ էս կենտրոնում Հայ գրողների ընկերությունը կարևոր դեր ունի կատարելու։
Հայ գրողների ընկերությունը նոր էր բացվել, որ պատերազմը վրա հասավ։ Պատերազմի պատճառով երկու տարի փակ մնաց, մի քանի ամիս է, որ վերաբացվել է նորից, և էսօր իր առաջին ընդհանուր ժողովն է։
Նա մեծ հաշիվներ չունի տալու, բայց մեծ անելիքներ ունի առաջին։
Նորից հարց է առաջ եկել, թե ո՞վ կարող է նրան անդամագրվել։ Իհարկե, ամեն մեկը, ով իր ուժերի ներածին չափ աշխատում է գիտության, գրականության ու հրապարակախոսության ասպարեզում, շատ թե քիչ էդ միևնույն է։ Փորձը ցույց է տալիս, որ հենց շատ համեստ ուժերի համախմբումն է ստեղծում էն տաք ու հարազատ մթնոլորտը, ուր կյանք ու հարգանք է ունենալու մեր գեղարվեստագետը, գրողը, գիտնականը կամ հրապարակախոսը։
Հայ գրողների ընկերության նպատակների մեջ են մտնում և արդեն առաջադրած են Հայագիտության միջնակարգ ու բարձրագույն կուրսերի խնդիրը, Հայ գրողներին, գիտնականներին ու հրապարակախոսներին ապահով վիճակի մեջ դնելու խնդիրը և հայոց բարբառները ուսումնասիրելու, բառամթերքն ու ոճերն ամբարելու, ազգային կենդանի լեզվի, ինչպես և գրական լեզվի բառարանները կազմելու խնդիրը։ Եվ էս խնդիրներն առաջ են բերել, նույնիսկ, հատուկ կարևոր խորհրդակցություններ ու շարժում։