Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավազակություններից և մի օրում էնքան գործ է կատարել, որ ինքը չի կատարել մի ամբողջ դարում։

Դուրս եկավ, որ ռուսական փեչը, որին կպած էր ռուսական Իլիան էնքան տարի, նրա համար Պրոմեթեոսի ժայռն է եղել, և էնքան տարի ինքն իր մեջ աճելով ու մխալով ուժ է հավաքել՝ միանգամից վեր կենալու և մի հսկայական զարկով փրկելու իր երկիրը։ Մեծ ու ահավոր մի վայրկյան...

Բայց պատահում է, որ երկար տարիներով պառկած հսկաները վեր կենալիս միանգամից չեն կարողանում ամուր ոտի վրա կանգնեն, մի քանի անգամ չոքում են, մինչև որ վերջնականապես կարողանում են հաստատուն կանգնել։ Եվ ամեն մի չոքելով հազար հազարավոր մարդիկ են ընկնում տակն ու զուր կոտորվում։

Այժմ Ռուսաստանի ամեն մի քաղաքացին միայն մի հոգս պիտի ունենա՝ ամուր բռնի, իր ուժերի ներածին չափ նեցուկ դառնա ռուսական նոր ոտի կանգնած հսկային, որ նա հաստատուն կանգնի․

Էս է պահանջում ինչպես ընդհանուրի, էնպես էլ ամեն մի անհատի շահն ու փրկությունը։


ՎԵՐՋԻՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Երբոր, ծերունի, մեռնելու լինեմ,
Ու, հավատա, երկար չըպիտի ապրեմ,
Դու հրամայիր իմ դին տանելու
Մեր կանաչ այգին, էնտեղ, ուր երկու
Ճերմակ հակակի թըփեր են ծաղկում...

«Մծիրի», Լերմոնտով

Զարմանալի է մահվան հոգեբանությունը։ Կյանքի վերջին վայրկենին մարդիկ շատ անգամ ձեռքները թափ են