քան նրանց երկրի կլիման ու բնությունը և ինչով որ նրանք կենդանի են, գեղեցիկ են, մեծ են։
ՉԷ՞ որ ամեն ուժ սնունդ է առնում, զարգանում ու մեծանում իր հարազատ կլիմայի մեջ, ու ինչքան էլ մեծանա, թեկուզ գլուխն էլ երկինք հասնի ու աշխարհքն առնի իր հովանու տակ, միշտ ոտը դրած է մի հողի վրա, ու էդ հողը իր հարազատ հողն է, իր հարազատ աշխարհքն է։
Այսինք հին Թիֆլիսը, որ մի առանձին ինքնուրույն աշխարհք ու զվարթ կյանք էր ներկայացնում իր համով ու հոտով, լեզվով ու ադաթով, աղ ու հացով, նիստ ու կացով, անցել է արդեն։ Անցել է, և անդառնալի։ Ինչ որ տվել է, էլ չի կրկնելու։ Բայց ի՞նչ է տվել, ի՞նչ ժառանգություն է թողել գալիք սերունդներին, աշխարհքին, պատմությանը։
Էդ հաշիվը կտեսնվի անշուշտ, և կասվի թե՝ հին Թիֆլիսը հայոց գրականությանն էլ երկու մեծ անուն է թողել՝ Սայաթ-Նովա և Գաբրիել Սունդուկյան։ Հարազա՜տ, Թիֆլիսի լեզվով, Թիֆլիսի շնչով, Թիֆլիսի հոգով։
Եվ մեծ։
Ու անվերջ մեծ Պեպոն կյանքի բեմի վրա մաքուր, հաղթական՝ Զիմզիմովի դեմը կանգնած իր հալալ աշխատողի կոշտ ձեռքը կզարկի մուրհակին ու Թիֆլիսի բարբառով կորոտա՝ քու սրտումն ի՞նչ է գրած… ու կվարի իր ազնիվ կռիվը ոչ թե մուրհակի համար, այլ ճշմարտության համար, արդարության համար։
Ու անվերջ կհնչի Թիֆլիսի բարբառով դժբախտ սիրո մեծ երգչի՝ Սայաթ-Նովայի, ձենը իր «զալում» յարին, որ ինքն էլ է կրակ, հագածն էլ.
«Կրակէ ծօվվէմէն դուս էկած՝ ռաշ, ջէյիրան իս ինձ ամա…»։
Իր բանաստեղծական խոստումը.
«Թէգուզ անմահութին ուզիս՝ սիրօվ կու ճարիմ քիզ ամա…»։
Նրա փիլիսոփայական, խորիմաստ հորդորը.
«Անգաճ արա՛, մատաղ իմ քիզ, մէ քիչ կամաց գընա՛, գոզալ.