Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են երկար դարերի ընթացքում զանազան հոսանքներ ունեցել ու զանազան պտույտներ արել՝ նայած ինչ հարմար ճանապարհներ են ունեցել կամ ինչ արգելքների են հանդիպել։

Նավագնացության զարգանալուց առաջ, երբ ծովերը հանդիսանում էին ամենամեծ արգելքները, էդ բոլոր շարժումները՝ գաղթականություն, արշավանք, վաճառականություն և թե այլ ամեն անց ու դարձ, կատարվել են ցամաքով։ Եվ ամեն տեղ էն ցամաքը, որ ժողովուրդների անց ու դարձի համար հանդիսացել է ճանապարհ ու կամուրջ, միշտ եղել է ոտի տակ, ենթակա անվերջ հեղեղումների և հազար ու մի լավ ու վատ ազդեցությունների։

Հայաստանը, գտնվելով Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի մեջտեղը, նրանց ցամաքային ամեն տեսակ հարաբերությունների համար հանդիսացել է մշտական կամուրջ ու ճանապարհ։ Էս պատճառով էլ լիքն է ինչպես նրանց կատարած ավերածությունների բեկորներով, էնպես էլ նրանց ամեն տեսակ ազդեցությունների նշմարներով, նրանց կենդանի մնացորդներով ու հետքերով։

Էսպեսով՝ Հայաստանի բարձրավանդակը հանդիսանում է մի հսկայական Բաբելոնի աշտարակ, ուր իրար են հանդիպել ու իրար են խառնվել շատ տեսակ ցեղեր ու լեզուներ և մինչև օրս էլ ո՛չ կարողանում են իրար հասկանալ և ո՛չ միասին մի ներդաշնակ կյանք ստեղծել։

Հայոց լեզուն, իր հնչյունաբանությունով, բառակազմությունով ու համաձայնությունով ընդհանուր առումով հանդես է բերում երկու որոշ ազդեցություն՝ գրաբար ու աշխարհաբար։ Եվ, թերևս, մեր մեծ սարն էլ իր կրկին անուններով Ար-արատ, որ կնշանակի սար մեծ կամ լեառն մեծ, գրաբարի ձևն է, և Մա-սիս, որ կնշանակի Մայր-սար կամ Մեծ սար, որ աշխարհաբարի ձևն է, մեր երկրի կենտրոնում բարձրանում է, որպես էդ երկու մեծ կյանքերի ու մեծ ազդեցությունների հավիտենական արձան ու վկա։