Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էս ամեն ազդեցություններին ենթակա Հայաստանի ժողովուրդը, միշտ իզուր է աշխատել կերտել իր ինքնուրույնությունը և մի տևական որոշ պատկեր ստեղծել կյանքի, լեզվի ու սովորությունների։ Շարունակ խանգարվել է ու խառնվել և շարունակ էլ նոր ճիգեր է արել՝ իր ունեցածը հավաքելու, կարգի դնելու, ինքնուրույնանալու, ազգայնանալու։ Ու հենց մեր օրերում էլ նույն ճիգն է անում նույն աղետների ու ազդեցությունների տակ։

Հավաքում է իր ազգագրական նյութերը, որ իրար անի, ամբողջացնի, իրենն ու օտարինը հասկանա։

Հավաքում է իր ժողովրդական երգերն ու եղանակները, որ գտնի իր հարազատ ձայները, իր ազգային երաժշտությունն ու զարգացնի։

Հավաքում է իր բանավոր գրականության, ժողովրդական բանահյուսության փշրանքներն ու իր ազգային էպոսի մնացորդները, որ ստեղծի իր ազգային բանաստեղծությունն ու գրականությունը։

Հավաքում է իր հին ճարտարապետության ջարդված ու ցրված բեկորները։

Վերջապես հավաքում է իր խառնված ու աղճատված լեզվի տարրերը, իր ոճերը, իր բառամթերքը, որ ստեղծի իր ազգային ընդհանուր լեզուն։

Եվ հենց ինքը՝ հայ ազգն էլ, որի ամբողջությունը ջախջախված ու խորտակված է և մասնատված, հալածված, տարածված է ամեն կողմ, իր բոլոր մասերով, ամեն կողմից ճիգ է անում նորից իրեն հավաքելու, իրար գալու և նորից ամբողջանալու։

Էս հանգամանքներում մի ազգային ընդհանուր գրական լեզվի խնդիրը առաջնակարգ խնդիր է։ Իսկ էդ լեզուն ստեղծելու համար պետք է հավաքել բարբառների բառամթերքը, կազմել հայոց կենդանի լեզվի բառարանը, բոլոր բարբառների բառերի ու ոճերի գանձարանը։ (Գրաբարինն էլ իր կարգին, հարկավ)։