ու մեր սրտերը լցվում են անխորտակելի հոգսերով ու անհուն հրճվանքով։
Եվ նրանք, որոնք իրենց կարճատեսությամբ կամ իրենց հոռետեսությամբ մռայլի միջից չէին նկատել էդ թարմ ու մատաղ շարժումը և ասում էին, թե մեռնում է հայոց գրականութսունը, թող գան տեսնելու ձեր ոգևորությունը, թող գան լսելու ձեր կյանքով ու շնորհքով լիքը աղմուկը ու համոզվեն, որ հայոց գրականությունը ոչ թե չի մեռնում, այլ առաջ է խաղում ավելի մեծ ուժով ու աշխուժով։
Մեր սիրելի, մեր ջահել ընկերներ։ Ձեզ հետ էսօր էն մասին էին խոսում, թե գրականությունը կյանքի հայելին է։ Ես շատ էլ համաձայն չեմ, թե գրականությունը կյանքի հայելին է միայն։ Եվ արդեն ինքը, դասախոս պարոն Իփեկյանը իր գողտրիկ ճառի մեջ ասավ, թե նա միաժամանակ և ազդակ է կյանքի մեջ։
Այո՛, գրականությունը հայելի չէ լոկ․ և եթե հայելի էլ ասենք, ապա շատ տարօրինակ ու կախարդական մի հայելի է նա։ Նա ոչ միայն արտացոլում է ժամանակը և իր դեպքերն ու դեմքերը, այլև տալիս է իր լույսն ու ջերմությունը կյանքին, և ձգտում է կյանքում ստեղծել մարդու էն վեհ ու վսեմ, էն մաքուր ու ակաղարտ պատկերը, որ տվել է նրան աստված, կազմվածք ու հյուսված բնության ամենամաքուր տարրերից։
Եթե գրականությունը կյանքի հայելին ասենք, ապա գրականության ամեն տեսակի ստեղծագործությունների աղբյուրը ամենից առաջ մարդու սիրտն է։
Եվ երբ էսպես է, աշխատեցեք ձեր սրտերը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով և աշխարհքին ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով։ Եվ արդեն իրեն ստեղծագործարան շնորհքի, բանաստեղծության բնությունն էդպես է իր ծնունդից։ Դիցաբանությունն ասում է, թե Ապոլլոնը, որ բանաստեղծությունն է ներկայացնում և արևն է միաժամանակ, իր կյանքում երբեք մութն ու մռայլ չի տեսած։ Որովհետև արևն է