Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց պատմության մեջ հայտնի չի հայ-վրացական պատերազմ։

Էս երկու ժողովրդի իրար դեմ հանած անախորժություններն էլ, որ առաջներում կղեր կանների կողմից է եղած դավանաբանական վեճերի պատճառով, վերջերս էլ ինտելիգենցիայի պոլիտիկոսության— էս անախորժություններն էլ, ասում եմ, մինիմումն են, ինչ որ երբևէ հանդես է բերել հարևանը հարևանի դեմ, եղբայրը՝ եղբոր դեմ։

Եվ հանկարծ այժմ, երբ երկար դարերի միասին քաշած լծից ու տառապանքից հետո, սրանց առջև լայն բացվում են վաղուց ըղձացած ազատության դռները, երբ աշխարհք ի բոլոր լեզուներով պատերազմ են դատապարտում ու մշտական խաղաղության և ազգերի լիգայի մասին է խոսում լավագույն մարդկությունը Վիլսոնի բերանով, էս սրբազան վայրկյանին էս երկու ժողովուրդների դեմոկրատիկ սոցիալիստական կառավարությունները ժամանակ ու հարմարություն են գտել իրենց փոքրիկ սրերը իրար դեմ ճոճելու և երկու բազմատանջ եղբայրակից ժողովուրդների մեջ շփոթ հարուցանելու։

—Ինչո՞ւ։

—Իրենց դեռ չկազմակերպված ու չհաստատված պետությունների սահմանների և հայ գաղթականության խնդիրների պատճառով։

Նայենք։ Տեսնենք ինչ շրջաններ են դրանք և ինչպես են դարձել վիճելի կամ ինչ գաղթականություն է դա (հինը թե նորը), և ինչպես են լուծվելու էս խնդիրները։

Սրա համար պետք է ետ նայել և մի շատ կարճ պատմական տեսություն անել։

Դա անհրաժեշտ է գործը պարզ հասկանալու և վճիռը գտնելու համար։

Նայեցեք առաջավոր Ասիայի և Կովկասի ազգագրական՝ գունավոր քարտեզին։

Հարավն ու արևելքը մահմեդական միապաղաղ ծով է։