Նրանից վերև էստեղ-էնտեղ կղզիացած է հայ ժողովուրդը։
Սրանից էլ վերև մի մեծ կղզի, որ Վրաստանն է։
Հիմի տեսնենք՝ ինչպես է առաջ եկել էս պատկերը։
VII դարից սկսած արաբական, ապա թե սելջուկ, մոնղոլ, տաճիկ, թուրք-թաթար մահմեդական բանակները անդադար իրար ետևից արշավել են դեպի հյուսիս-արևմուտք գտնվող քաղաքակիրթ ու ծաղկած քրիստոնյա երկիրներն ավարելու, տիրելու և իսլամը տարածելու։
Առաջին քրիստոնյա երկիրը, որին նրանք հանդիպել են իրենց ճանապարհին, Հայաստանն է եղել։ Եվ հենց Հայաստանն էլ միշտ ենթարկվել է նրանց առաջին թափի սաստկությանը, դարերի ընթացքում խորտակվել ու թաղվել էդ հեղեղի տակ։ Միայն բարձրերում, դժարամատչելի լեռնաստաններում է մնացել հայությունը, էստեղ-էնտեղ, իբրև կղզիներ, դուրս ցցված մահմեդական ծովի մեջ։
Վրաստանը համեմատաբար ավելի պակաս է ենթարկվել էդ հեղեղին և Հայաստանից էլ ավելի պակաս է տուժել։
Էս հսկայական ճնշումի տակ, որ գալիս էր հարավից ու արևելքից, հայությունը միշտ տեղահան է եղել ու հորձանք է տվել դեպի թշնամուց ազատ ու ապահով կողմը՝ դեպի հյուսիս և իր հերթին հեղեղել է իր հյուսիսային հարևան երկիրը՝ Վրաստանը։
Վրաստանն էլ, թե եկող թշնամու ճնշումի տակ և թե եկվոր գաղթական բազմության, սեղմվել է դեպի վեր, դեպի Կովկասի լեռները, իր հարավային ու հարավ-արևելյան սահմանային մասերը թողնելով մահմեդական ցեղերին կամ փախստական հայ ժողովրդին։
Հենց որ դադարել է թշնամու ճնշումը՝ դադարել է և էս շարժումը, ու ժողովուրդը, գեթ մասամբ, ետ է դարձել իր նախկին տեղը, մինչև որ վրա է հասել նոր ալիքը, նոր հարձակումը և առաջ է բերել նոր տեղահանություն ու փախուստ։