դաշնակիցները հայտնելով, թե կվերականգնեն Սև ու Կասպից ծովերի միջև խաղաղություն, պետք է ի նկատի ունենան, որ ամենացավոտ ու ամենաբարդ հարցն է այս, որովհետև բացի բնական, այսպես ասած, տեղի բնակչությունների կամավոր ներգաղթման և տեղափոխության, ամեն մի եկվոր տիրապետողն աշխատում է ամեն կերպ խառնել իրար հետ բոլոր ժողովուրդներին, խեղաթյուրել սրանց էթնիկական և տերիտորիական ամբողջությունն այն դիտավորությամբ, որ իր դեմ չունենա առողջ և կենսունակ միություններ, հաստատել և ապահովել իր տիրապետությունը մեկուսացրած ժողովուրդների անդամաանջատ երկրամասերի վրա։
Ինձ թվում է, թե քաղաքական, ստրատեգիական և նույնիսկ էթնոգրաֆիական սկզբունքները կմնան խախուտ և անգործադրելի ժողովուրդների կողմից։ Իբրև հաստատ, անդրդվելի միակ հիմքը պետք է լինի կուլտուր-պատմական սկզբունքը։
Ժողովուրդները շատ բան կարող են մոռանալ, բայց իրենց պատմությունը, իրենց կուլտուրան չեն կարող մոռանալ։ Ու իրականությունն ապացուցանում է, որ կուլտուր-պատմական սկզբունքները ժողովուրդների համար առավել թանկարժեք են, քան թե էթնիկականն անգամ։
Երիտասարդ ընկերնե՛ր։
Վաղուց ի վեր մենք բաժանված ենք եղել երկու մեծ հատվածի՝ ռուսահայ և տաճկահայ, ու միշտ ձգտել ենք նորից միանալու, իբրև մի պատառված ամբողջության երկու մասեր։ Բայց աշխարհքի չար տիրողները ամեն անգամ սրերով են կտրատել մեր, եղբայրական գրկախառնության համար իրար տարածած, բազուկները։